Նալբանդյանը՝ ԵՄ-ի տարածած հաղորդագրության մասին
Մենք կիսում ենք այն դրույթները, որոնք պարունակում է ԵՄ-ի հայտարարությունը եւ ոչ միայն, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատ իրավունքը, այլեւ գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի կողմից երեկ արված հայտարարությանը:
Նրա խոսքով, Հայաստանի օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների համաձայն՝ Հայաստանը շարունակելու է նույն մոտեցումը. «Հավաքի մասնակիցներն էլ իրենց հերթին պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը»:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ լրատվական դաշտում ոչ միտումնավոր, գուցե սխալ թարգմանությամբ, հայտնվել էին վերնագրեր, թե ԵՄ-ն կոչ է անում, որ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Եթե նայեք հայտարարության տեքստը, այնտեղ ասված է այլ ձեւով, որ բոլոր նրանք, որոնք ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով՝ իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այսինքն «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունը բաց է թողնվել շատերի կողմից»,-նկատեց նախարարը:
«Պետք է պատասխանատու մոտեցում ունենալ ամեն հայտարարության վերաբերյալ, հատկապես եթե դա արվում է միջազգային կառույցների կողմից, որպեսզի որեւէ անցանկալի յուղ չլցվի կրակի վրա»,-ընդգծեց նա: