Ի՞նչու են պասիվացել. ԲՀԿ-ին հարցը ուղղորդված թվաց
Մարտի 9-ին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում առաջադրված գյուղապետի 93 թեկնածուներից 48-ը Հանրապետական են, 5-ը՝ ԲՀԿ-ական, 2-ը ՀՅԴ-ական, մեկական թեկնածու ունի ՕԵԿ-ն ու “Ժողովրդավարություն եւ աշխատանք” կուսակցությունը:
Henaran.am-ը փորձեց քաղաքական ուժերից պարզել, թե ինչու են պասիվ:
ԲՀԿ մամուլի պատասխանատու, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանայանին չգիտես ինչու հարցը ուղղորդված թվաց: “Ձեր ուղղորդված հարցին կպատասխանեմ՝ հետեւեք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրություններին եւ պարզ կլինի պասիվացել եք թե ոչ”,-ասաց նա:
Փորձեցինք ճշտել ԲՀԿ-ն այդ մասին արդյո՞ք հաղորդագրություն է տարածել՝ պատասխանեց. “Ոչ: բավարարվեք իմ ասած մեկ նախադասությամբ”:
“Օրինաց երկիր” կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանն ասաց, որ ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ: “Եթե զգում ես, այդ համայնքում քո պոտենցիալ թեկնածուն շանս չունի, ինչու առաջադրվել եւ պարտվել”,-ասաց նա՝ ավելացնելով, որ կուսակցության ակտիվությունը չի արտահայտվում առաջադրվելու մեջ:
ՀՅԴ-ական, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ նոր է վերադարձել Հայաստան եւ ոչինչ չի կարող ասել: