«Եթե իշխանությունը փոփոխությունների չգնա, հեղափոխություն կլինի»
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա մեծ պահանջարկ փոփոխությունների: «Հայաստանում կա հոգնածություն նախկինից եկած իշխանություններից, մյուս կողմից էլ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ: Կարելի է հռչակել հեղափոխություն, բայց թե այդ հռչակածի իրականությունն ինչ դրսևորում կստանա, դա էլ կապրենք, կտեսնենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս նկատեց, որ ներկայումս ինչ-որ առումով հակասական իրավիճակ է: «Դրան գումարած տեսնում ենք, որ հասունացել է մի սերունդ, որը փոփոխությունների կրողն է: Իշխանությունը պիտի հասկանա, որ եթե փոփոխություններ չձեռնարկի, վաղ, թե ուշ հասցնելու է հեղափոխական իրավիճակի, որը ոչ մեկի շահերից է բխում: Այսինքն՝ այստեղ կարևորն այն է, որ Հայաստանն այս ամենից դուրս գա ուժեղացած, ոչ թե դառնա պրոբլեմներով հարուստ մի երկիր, որտեղ ոչ մի խնդիր չի լուծվում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ արդեն գրեթե 10 օր է, որ Հայաստանում ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: