Ովքե՞ր են ուղղորդում բողոքի ցույցերը Գյումրիում
Գյումրիում բնակվող քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է ՝ այնտեղ ևս քաղաքացիները ակտիվ փողոցային պայքար են մղում՝ իրենց բողոքը բարձրացնելով գործող իշխանությունների դեմ, սակայն հաճախակի նրանց՝ հանրահավաքների և ցույցերի մասնակցելու իրավունքը խոչընդոտվում է։
Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում։
«Քաղաքացիական ակտիվիստները անընդհատ տեսանյութեր են հրապարակում, պարզ է դառնում, որ նրանք խոչընդոտների են հանդիպում։ Օրինակ, ապրիլի 19-ին պարզվեց, որ Շիրակի պետական համալսարանի հենակետային վարժարանում դռները փակել են, թույլ չեն տվել, որ վարժարանում սովորող ակտիվիստները մասնակցեն բողոքի ցույցերին։ Երեկ էլ էին խոչընդոտել, դրա նախորդ օրն էլ»,- ասաց քաղաքագտը։
Նա նշեց՝ դա գաղտնիք չէ, նման բաներ լինում են նաև մայրաքաղաքում կան հանրապետության մյուս բնակավայրերի դպրոցներում կամ բուհերում։
«Ամենուր նույն իրավիճակն է», – ասաց քաղաքագետը։
Հարցին՝ իսկ Գյումրիում կա՞ լիդեր, ով կազմակերպում է բողոքի ցույցերը, քաղաքագետը պատասխանեց․ «Գյումրիում փորձեր կան՝ լիդերությունն իրենց ձեռքը վերցնելու հետ կապված, բայց այստեղ տարբեր անձինք կան, ովքեր ակտիվորեն մասնակցում են այս ցույցերին, ինչպես Կարեն Պետրոսյանը, ով Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վաիչ է, Լևոն Բարսողյանի որդին ու էլի շատ ակտիվ երիտասարդներ կան։ Գյումրին այս առումով շատ ակտիվ է։ Չեմ ասում, թե կոնկրետ մեկ լիդեր կա, բայց կան մարդիկ, ովքեր Գյումրիում այս ամբողջ գործընթացն ուղղորդում են», – ասաց քաղաքագետը։