Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը․ նախագահն ընդունել է Սվիտալսկիին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»:
Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել է երեկ Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը:
Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների և նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ: