”Արդյոք դա իրենց պատի՞վ բերում է”
ՍԴ-ի՝ ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ Կենտրոնական բանկը հանդես է եկել հորդորով՝ ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ԿԲ-ը իրավունք ունի հանդես գալ ցանկացած հայտարարությամբ, անգամ ”հիմարությամբ”: ”Բայց արդյոք դա իրենց պատի՞վ բերում է, թե՞ ոչ, այլ հարց է: Նման հայտարաություն անելը արհամարհանք է ՍԴ որոշման նկատմամբ: Այնպես չէ, որ որ ՍԴ-ն անարգանքի առիթներ չի տվել, իհարկե տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ իրենց հեղինակությունը զրոյացնեն, բայց եկեք տեսեք, որ այն ժամանակ, երբ ՍԴ-ն ընդունում էր մի որոշում, որը մի քիչ կարող էր ցույց տալ, որ ՍԴ-ն ընդունակ է իրավական որոշումներ ընդունելուն, ամբողջ մեքենան սկսկում է դիմադրել”,-հավելեց: