Մյուս ոստիկանները նկատել են, որ լրագրողին ծեծում են և չեն արձագանքել
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։
Henaran.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, որ տարածքում աշխատում էր՝ լուսանկարներ անում, հեռախոսով լուր թելադրում խմբագրությանը և նկարել է նաև քաղաքացիական հագուստով մի քանի անձանց։ Վերջիններս ոստիկանների, լրագրողների աչքի առաջ հարձակվել են լրագրողի վրա և ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել։ Լրագրողի խոսքով՝ ինքն այդ պահին լրագրողի բեյջը կրելիս է եղել, այն տեսանելի է եղել և՛ իրեն հարվածողների, և՛ ոստիկանների համար, սակայն անգամ ոստիկաններին ուղղված իր կոչերից հետո վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել։ Տիրայր Մուրադյանն ասաց, որ այդ անձանց կարողացել է լուսանկարել, նկարները կհրապարակի։
Լրագրողին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կենտրոնի բաժնից շուտով կայցելեն լրագրողին: Նա նաև հայտնեց, որ բնականաբար, հաղորդում է ներկայացնելու ոչ միայն բռնություն կիրառելու համար, այլև մյուս ոստիկանների անգործության: