«Մենք չպետք է կորցնենք մեր հայրենակիցներին․ և՛ ոստիկանները, և՛ ցուցարարները մեր հայրենակիցներն են»
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ցավում եմ, որ իմ երկրում այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Ցավում եմ, որ մեր երկտասարդները չեն կարող նստել իրենց լսարաններում ու դաս անել, ցավում եմ, որ մեր պատգամավորները փոխանակ օրենքներ մշակեն՝ ընկնում են գյուղերով, ճանապարհներով, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում ու ինչ պետք է լինի։ Մեր երկիրը չպետք է այսպիսի վիճակում լիներ։ Այս իրավիճակի համար մեղադրում եմ մեր ամբողջ կառավարման համակարգին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մեր երկրում ստեղծված խառնակ իրավիճակին, ցույցներին ու հանրահավաքներին։
Բնապահպանը նշեց՝ այստեղ անձերի խնդիր չկա, պետք չէ անձնավորել այս խնդիրները, քանի որ խնդիրը կառավարման համակարգի հետ է կապված, որն ի սկզբանե սխալ է եղել։
«Ու մենք էլ հատուցում ենք այդ սխալի համար։ Ցուցարարները ոչ մի ագրեսիա չեն ցուցաբերում։ Ճիշտն ասած՝ բազմիցս դուրս եմ եկել, որպես դիտորդ՝ նայել եմ, թե ինչ է կատարվում․ ագրեսիայի նշույլ չեմ նկատել։ Ես մեր երիտասարդությանը շատ եմ սիրում ու հարգում իրենց ակտիվ քաղաքական դիրքորոշման, իրավագիտակցության համար։ Դա խոսում է այն մասին, որ մեր հանրությունը, հասարակությունը կայանում է։ Մեզ այդ հասարակությունը տրվել է։ Ինչքան էլ մենք բողոքում ենք, ամեն դեպքում սա պիտի ֆիքսենք, լավին էլ լավ պիտի ասենք․ ես այսօր ֆիքում եմ, որ հպարտությամբ կարող եմ ասել՝ այսօր այսպիսի հասարակություն ունենք, այսպիսի քաղաքացիական հասարակություն ունենք․ մեզ տրվել է այդ հնարավորությունը», – ասաց Սիլվա Ադամյանը։
Նա նշեց՝ իր գործընկերներից Ղազախստանից, Տաջիկստանից, Անգլիայից և այլ երկրներից նամակներ է ստանում․ այդ երկրների քաղաքացիներից շատերը հիացած են մեր երիտասարդությամբ։
«Այդ մարդիկ հիացած են։ Ասում են՝ այս ինչ ժողովուրդ ու երիտասարդություն ունեք, այս ինչ պայքար է ընթանում, այս ինչպես են կարողանում պայքարել։ Այո՛, հիանում են մեզանով։ Ես ցանկանում եմ, որ բախումներ չլինեն ոստիկանների ու քաղաքացիների միջև, դրա համար մեր կառավարությունը պետք է գտնի ելք՝ այս վիճակից դուրս գալու համար, որպեսզի մենք չկորցնենք մեր հայրենակիցներին․ և՛ ոստիկանները, և՛ ցուցարար երիտասարդները մեր հայրենակիցներն են։ Մենք չպետք է զոհեր ունենանք։ Մենք պիտի կարողանանք լավ երկիր կառուցել առանց զոհերի», – ասաց Սիլվա Ադամյանը։