«Նա հիանալի տիրապետում է քաղաքական, տնտեսական և մնացած ոլորտներին»
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կնյազ Հասանովը, անդրադառնալով վարչապետի ընտրությանը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ Սերժ Սարգսյանին վստահում է․ նա իր կյանքը նվիրել է երկրի զարգացմանը, անվտանգության ամրապնդմանը։
«Նա երեսուն տարի շարունակ՝ կարևոր պաշտոններ է զբաղեցրել այդ թվում՝ ուժային կառույց է ղեկավարել, եղել է վարչապետ, նախագահ։ Նա շատ լավ գիտի՝ այսօր ինչ խնդիրներ կան մեր երկրում, հիանալի տիրապետում է քաղաքական, տնտեսական և մնացած ոլորտներին», – ասաց Հասանովը։
Վերջինս շեշտեց՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չի կարող չշեշտել այն, որ Սերժ Սարգսյանը մեծագույն հարգանք է տածում ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ, երբեք չի մոռանում պետական մակարդակով շնորհավորել ազգային փոքրամասնությունների տոները, կարևոր առիթները։
«Նա մեծ հարգանք է վայելում նաև միջազգային հանրության շրջանում», – եզրափակեց Հասակովը։