Երևանը ցնցվում է․ հեղափոխություն կլինի՞
«Ովքեր այսօր փողոցում են, նաև իմ փոխարեն են պայքարում․ ինձ մեղավոր եմ զգում, որ այժմ նրանց կողքին չեմ։ Ոտքերիս վիճակը լավ չէ, վատառողջ եմ, այլապես ես հիմա իրենց կողքին կլինեի, ուղղակի այս վիճակում չեմ ուզում բեռ լինել էրեխեքի համար։ Այս ընդվզումը ես բարձր եմ գնահատում․ ջայլամի քաղաքականությամբ այլևս չի կարելի զբաղվել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ հույս հայտնելով, որ այդ հասարակական ընդվզումը չի ունենա այնպիսի վերջաբան, ինչպիսին եղավ Մարտի 1-ին։
«Եթե այդպես լինի, ապա մենք ինքներս մեզ չենք ների։ Ոչ մի իշխանություն իր դիրքերը հեշտ չի զիջում, առավել ևս Հայաստանի իշխանությունը։ Միակ ճանապարհն ընտրությունն է, դա էլ չի կայանում, հետևաբար չեմ կարող ասել՝ ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, բայց որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է, էլ տեղ չկա, դա ուղղակի անժխտելի է․ երիտասարդական շարժումը վկայում է այդ մասին», – ասաց Անահիտ Բախշյանը՝ հույս հայտնելով, որ կլինի ոչ թե հեղափոխություն, այլ էվոլյուցիա։
Անդրադառնալով Երևանի փողոցներում ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց․ «Ոստիկանությունն արդեն բացահայտ սպառնալիքներով է հանդես գալիս՝ նշելով, որ կցրի ցույցերը։ Բայց, պետք է ասեմ՝ ցուցարարները բավական կազմակերպված են գործում, քանի որ նրանք կաթվածահար են արել մայրաքաղաքի որոշ փողոցներ»։
Քաղաքագետը ընդգծեց՝ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ։ Մեր հասարակությունը սոցիալ-տնտեսական առումով ահավոր վիճակում է գտնվում։
«Սա իշխանությունների և հատկապես Սերժ Սարգսյանի համար ևս մի ազդակ պիտի լինի․ հարկավոր է ժողովրդի կարծիքը հաշվի առնել», – ասաց Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ դժվար է հստակ կանխատեսել՝ ինչ կլինի առաջիկայում կամ այս գործողություններն ինչ զարգացում կստանան։
Քաղաքագետը նշեց՝ եթե հանկարծ Ծառուկյանն էլ միանա ցուցարարներին, դա կլինի հեղափոխություն՝ իր բոլոր բացասական կողմերով ՀՀԿ-ի համար։
«Ինչքա՞ն կարող է իշխող կուսակցությունը այսպես անտեղյակ լինել հասարակության խնդիրներին», – ասաց քաղաքագետը։
Հարցին՝ հեղափոխության հավանականություն տեսնո՞ւմ եք, քաղաքագետը պատասխանեց․ «Հիմա ոչ մի բան բացառել չի կարելի։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Հասարակությունը սարսափելի դժգոհ է հասարակությունից»։