Մոտ 10 հազար ուսուցիչ ու տնօրեն անգործ կմնա՞
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր մտահոգությունը հայտնեց, որ 1400 հանրակրթական հաստատություններում մոտ 7000-ից ավելի հաստիքի կրճատում է սպասվում, ինչը գործազուրկ կդարձնի տասը հազար աշխատողի:
՛՛Նշանակում է այդքան ընտանիք զրկել նվազագույն եկամուտ ունենալու հնարավորությունից: Եթե սրանով կրթության որակ բարձրացվի, միգուցե, բայց մենք ստանում ենք նոր լարվածություն, հսկայական բեռ ու պատահական չէ, որ բազմաթիվ տնօրեններ ու ուսուցիչներ իրենց ձայնն են բարձրացնում սրա դեմ՛՛,-ասաց Մինասյանը:
Մինասյանն առաջարկեց քննարկում հրավիրել Կրթության, տարածքային ու տնտեսական հարցերի մասնակցությամբ՝ հասկանալու համար, թե ինչու է այսպիսի պայմաններում կառավարությունը որդեգրել նման քաղաքականություն:
Հիշեցնենք, ամիսներ առաջ ԿԳՆ Արմեն Աշոտյանը լրագրողի հարցին ի պատասխան ասել էր. ՛՛Ոչ մի կրճատում պետական բյուջեի հատկացումներից չկա։ Պետական բյուջեով նախատեսված են նույնքան դրույքներ, որքան նախատեսված են եղել 2013 թվականին։
Ուրիշ հարց, որ մենք ունենք մանկավարժական գերարտադրություն, ունենք ավել մանկավարժներ դպրոցներում, և տնօրենները պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ 22 ժամը, որ մեկ դրույք է կազմում, պետք է բաշխեն 2-3 ուսուցիչների միջև, թե՞ տան մեկ մանկավարժի՛՛: