Ազատամարտիկների շարժումը ընդլայնվում է
Արդեն ինը ամիս է` գործում է ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը, որը շարունակում է իր աշխատանքները արդեն ընդլայնված կազմով: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ազատամատիկ Սուրեն Սարգսյանը, երեկ հերթական նիստն է տեղի ունեցել, քննարկել են ապագա անելիքներն ու նպատակները:
Սարգսյանը նշեց, որ նիստին մասնակցել է շուրջ 150 ազատամարտիկ։ ՛՛Ձևավորվել է 15 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, ընդունվել է տեղերում ենթակառուցվածքներն ընդլայնելու որոշում, աշխատանքային խմբում ընդգրկվել են Սասուն Միքայլեյանը, Խաչիկ Ավետիսյանը, Արաբոյի Մանվելը, Վլադիմիր Առաքելյանը Տիգրան Մեծից, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, և այլք՛՛,-պատմեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, օրերս Սասուն Միքայելյանն էլ էր հայտարարել այս նախաձեռնության մասին: Սուրեն Սարգսյանը մեզ ասաց, որ կառույցը նախագահ չունի. բոլորը հավասար են ու բոլորի խոսքն էլ կարևոր է:
՛՛Երեկվա նիստը այսպես ասած՝ տղաների հավաքն էր: Որոշեցինք ներկայացուցիչներին հանձնարական տալ, որ տեղերում պատրաստեն ընկերներին, ենթակառուցվածքներն ընդլայնեն և մենք էլ արդեն անհրաժեշտության դեպքում կգնանք հանդիպումների շրջաններ և գյուղեր՛՛,-նշեց նա:
Ըստ Սարգսյանի՝ այս կառույցի հիմնական նպատակն իշխանափոխության հասնելն է։ ՛՛Պետք է այս իշխանությանը ճանապարհել՛՛։
Ինչ վերաբերում է Երկրապահ կամավորական միությանն, ապա ազատամարտիկն ասաց, որ ԵԿՄ-ում էլ մի մաս կա, որոնք հաստատ կռված տղերք են:
՛՛Մեր ընկերներն են ու նրանք բնականաբար գալիս են և հետաքրքրվում, թե ինչ ենք անում և դա համարում եմ օրինաչափ, որովհետև երկրի, պետության հարցը բոլորին է մտահոգում՛՛: Սուրեն Սարգսյանն ընդգծեց, թե այն ինչ ստեղծվում է՝ որևէ կազամկերպությանը հակակշիռ չէ։
՛՛Սա մեր ստեղծված կառույցն է, որտեղ համախմբվում է և ընդլայնվում է խորհրդի կազմը, Սասուն Միքայելյանը և մյուսները։ Մենք շարունակում ենք անել այն աշխատանքը, ինչ-որ արել ենք մինչ այդ՛՛։