Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում գործընկեր եւ քույր քաղաքների հետ. “Մենք իրականում շատ անելիքներ ունենք Երեւանի եւ Իսրայելի քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այսօր երկու պետությունների քաղաքների միջեւ փոխգործակցություն չկա եւ, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման եւ ամրապնդման հարցում”,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շմուել Մեիրոմն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երեւանի եւ Իսրայելի քաղաքների միջեւ եւս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
“Այսօր իսկապես կան բոլոր նախադրյալները փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները բազմազան են, եւ ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ”,- նշել է Շմուել Մեիրոմը:
Հանդիպման շրջանակում դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել նաեւ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Իսրայելում անցկացվող քաղաքապետերի 29-րդ միջազգային համաժողովին մասնակցության հրավերը, որի շրջանակում քննարկվելու են քաղաքաշինական ինովացիաներին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ կարեւորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման հարցում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն