՛՛Փոքրամասնությունը ցանկանում է ճնշել մեծամասնությանը՛՛. հաշվիչ հանձնաժողովում կլինեն ՀՀԿ-ը ու ՕԵԿ-ը
Ազգային ժողովի այսօրվա նիստում բավականին թեժ քննարկումների առիթ դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկը: Պատգամավորն առաջարկում էր Հաշվիչ հանձնաժողովի կազմի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում մեծացնել հանրապետական պատգամավորների թիվը՝ երկուսից հասցնելով հինգի, իսկ ընդհանուր հանձնաժողովի անդամների թիվը յոթից հասցնել տասնմեկի: Սրան դեմ արտահայտվեցին ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ սրանով հնարավորություն են տալիս ԱԺ մեծամասնությանն անել այն, ինչ ցանկանում է: ՛՛Դա ԱԺ-ին հեղինակություն չի բերում՛՛: Դմ արտահայտվեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այդ ժամանակ հարցի քննարկումն ընդհատեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջման ավարտից հետո նախագծի հեղինակ Գալուստ Սահակյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել մինչ վաղը, ինչն ընդդիմադիրների կողմից առարկության արժանացավ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրավունք չունեն չքվեարկելու, քանի որ ընդմիջումից հետո հարցը դրվում է քվեարկության: Նա տեղեկացրեց, որ ցանկացած պարագայում իրենք չեն քվեարկելու: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակը ցանկացած պարագայում կարող է հանել պահանջը՝ դնել քվեարկության:
ԱԺ նախագահը նշեց, որ երկու առաջարկ կա՝ հանձնաժողովը ձևավորել 11 անդամից և 7 անդամից: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցում Գալուստ Սահակյանի առաջարկած հարցի քվերակությանը: ՛՛Մեզ համար ակնհայտ է խնդիրը՝ ունենալ տոտալ մեծամասնություն: ԲՀԿ-ն չի ներկայացվի այդ կերպ ձևավորված Հաշվիչ հանձնաժողովի ու չի քվեարկի՛՛:
Ապա կազմակերպվեց քվեարկություն և ձայների 67 կողմ, զրո դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ Սահակյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. ՛՛Դուք բոլորդ ուզում եք խաթարել խորհրդարանի բնականոն գործունեությունը, ձգտում եք՝ ունենալով փոքրամասնություն, ճնշել մեծամասնությանը, դա ձեզ չի հաջողվելու՛՛:
Քվեարկությունից հետո ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունները ևս միացան ԲՀԿ-ին. Նրանք Հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ չեն ունենա:
Նշենք նաև, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից փորձում էր արտահայտել իր բարկությունը, ինչին ԱԺ նախագահն ամենայն հանգստությամբ պատասխանեց. ՛՛Ձեր ներվերը մի քայքայեք, ես ձեզ հարց չեմ տվել, և մի խոչընդոտեք մեր աշխատանքները, դա ձեզ չի հաջողվելու՛՛: