Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2013թ-ի ֆինանսական տարվա արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: 2013 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 37,8 մլրդ դրամ:
Երկրորդ հորիզոնականում “Հայռուսգազարդ” ընկերությունն է 36 մլրդ դրամով, որին հաջորդում է “Ղ-Տելեկոմ”-ը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ): Վերջինս պետբյուջե է վճարել, 30,1 մլրդ դրամ:
Խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի “Ալեքս Գրիգ” ընկերությունը: Պետբյուջե է պատգամավորի ընկերությունը վճարել է 18,7 մլրդ դրամի հարկեր:
Հնգյակը եզրափակում է “Արմենիա Տելեֆոն Կոմպանի”-ն (“Արմենտել”): 2013 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 15,4 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր:
Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաեւ “Ֆլեշ”-ը (11,4 մլրդ դրամ), “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունը՝ 9,9 մլրդ դրամ, “Ֆիլիպ Մորիս Արմենիա” ընկերությունը (9 մլրդ դրամ), “Սիփիէս Օիլ Քորփորեյշնը” (8 մլրդ դրամ):
Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է “Գեո Պրո Մայնինգ գոլդ” ընկերությունը` 7,2 մլրդ դրամ: