Ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահություն կա. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով Մասրիկ–1 ծրագրի ներդրողների մրցույթի արդյունքները։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ավարտվեց Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթը։ Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար, ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար։ Սա վկայում է ներդրողների մոտ մեր էներգետիկ համակարգի և մեր կողմից վարվող ներդրումային քաղաքականության նկատմամբ բարձր վստահության մասին։ Այս ծրագիրը նաև օրինակելի և նախադեպը չունեցող ծրագիր է՝ պետական֊ մասնավոր համագործակցության համատեքստում։ Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ այս մրցույթը նոր և չափազանց կարևոր հեռանկարային փուլ է բացում դեպի անվտանգ և անկախ էներգետիկ համակարգ»։