26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարյուր տարվա ընտրություն

Մի քանի օրից ՀՀ ԱԺն ընտրելու է Հայաստանի վարչապետին՝ երկրի փաստացի ղեկավարին։ Նոր սահմանադրությամբ, նոր ընտրական համակարգով, նոր մթնոլորտում, նոր հարցերով։ Նոր համակարգն արդեն իրականություն է՝ իր մի շարք հնարավոր բացերով ու անակնկալներով, որոնց կարող ենք ծանոթանալ միայն ընթացքում։

Այնուամենայնիվ, այս համակարգն էլ միայն մեկ փուլն է մեր պետության՝ 100 տարվա ընթացքում անցած ընտրական պատմության։ Ընթացք, որը, ցավոք, գրեթե միշտ ուղեկցվել է կեղծիքներով, խախտումներով, անվստահությամբ եւ թշնամանքով։ Մեր նախագծի շրջանակներում այս անգամ ներկայացնում ենք հայաստանյան ընտրությունների՝ 100 տարվա համառոտ պատմությունը՝ 1918-2018 թթ։

Առաջին համաժողովրդական ընտրությունները

Համաժողովրդական ընտրությամբ հայերն առաջին անգամ խորհրդարան եւ իշխանություն են ձեւավորել 1919թ. հունիսի 21-23-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 

Ճիշտ է, Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձեւավորվել էր դեռ 1918 թվականի ամռանը, բայց ոչ թե համընդհանուր ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

1919թ. հունիսի 21-23-ին կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները: Այն անցավ ամբողջովին համամասնական 

Մի քանի օրից ՀՀ ԱԺ-ն ընտրելու է Հայաստանի վարչապետին՝ երկրի փաստացի ղեկավարին։ Նոր սահմանադրությամբ, նոր ընտրական համակարգով, նոր մթնոլորտում, նոր հարցերով։ Նոր համակարգն արդեն իրականություն է՝ իր մի շարք հնարավոր բացերով ու անակնկալներով, որոնց կարող ենք ծանոթանալ միայն ընթացքում։

Այնուամենայնիվ, այս համակարգն էլ միայն մեկ փուլն է մեր պետության՝ 100 տարվա ընթացքում անցած ընտրական պատմության։ Ընթացք, որը, ցավոք, գրեթե միշտ ուղեկցվել է կեղծիքներով, խախտումներով, անվստահությամբ եւ թշնամանքով։ 

ժամանակին լույս տեսած թերթերի օգնությամբ, ապա գրեթե ոչինչ չենք հասկանա: Որոշ թերթեր գրում են, թե տեղի են ունեցել արդար ընտրություններ, որոշ թերթեր գրում են զանգվածային կեղծիքների մասին:

Ընտրություններն ավարտվել են ՀՅԴ-ի բացահայտ հաղթանակով: Հետաքրքիրն այն է, որ 1919թ. մարտի 12-ին կառավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ընտրությունների համար հիմք ընդունել համառուսական Սահմանադրական ժողովի ընտրական օրենքը՝ թուրքահայերին տալով ընտրելու իրավունք: Այս որոշման հիման վրա մշակվում է «Օրենք Հայաստանի խորհրդարանի ընտրությանց», որով յուրաքանչյուր 20 տարին լրացած քաղաքացի, առանց սեռի, կրոնի ու ցեղի խտրության իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին: Խորհրդարանի անդամների թիվը սահմանվում էր 80: 

Ապրիլի 25-ից սկսվել է ընտրողների ցուցակագրությունը: Պարզվել է, որ ընտրելու իրավունք ունի մոտ 366 հազար մարդ: Ընտրողների թիվը չի ֆիքսվել Կարսի նահանգում եւ Շարուր-Նախիջեւանում: 

ՀՅԴ-ն ներկայացրել էր 120 հոգանոց ցուցակ, Հայ ժողովրդական կուսակցությունը՝ 65 թեկնածու, Սոցիալիստ հեղափոխոխական կուսակցությունը՝ 35 թեկնածու, Քրդական ցանկը՝ 2 թեկնածու, Ասորական ցանկ՝ 3 թեկնածու: Թեկնածուներ ունեին անկուսակցական գյուղացիական միությունը եւ թուրքերը: 

Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը վկայում է, որ նախընտրական պայքարի ընթացքում Հայ ժողովրդական կուսակցության ներսում վեճեր են սկսվում երեւանցիների եւ թիֆլիսցիների միջեւ, ինչի հետեւանքով այդ ուժը դադարեցնում է պայքարը խորհրդարանական տեղերի համար: Ավելին, հունիսի 20-ին հայտարարելով ընտրություններին չմասնակցելու մասին, այս կուսակցությունը ժողովրդին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը: 

Ընտրությունների անցկացմանը դեմ էր նաեւ այն ժամանակ հայտնի գործիչ Պողոս Նուբարը, որը պնդում էր, թե Հայաստանի Հանրապետությունը պետություն չէ, այլ մեծ Հայաստանի մի գավառ, եւ որ այնտեղ ընտրություններ չեն կարող լինել: Նրա նման մտածողները քիչ չէին, որոնք պնդում էին, թե 100 հազար քառ. կմ-անոց երկիր չի կարող լինել, եւ որ այն քարե դագաղ է եւ ոչ թե պետություն, ու ձեռքերը ծալած սպասում էին, թե երբ են անգլիացիներն ու ամերիկացիները սկուտեղի վրա ծովից ծով Հայաստանը նվիրելու իրենց: 

Ականատեսները վկայում են, որ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական փուլում ակտիվ քաղաքական պայքար էին մղում իրենց ձեռքի տակ եղած թերթերի օգնությամբ, տարածում էին թռուցիկներ, շրջում էին գյուղից գյուղ եւ հանդիպում ընտրողների հետ: Հանդիպումների ընթացքում դաշնակցականները խոստանում էին ստեղծել Միացյալ եւ անկախ Հայաստան, իշխանությունը հանձնել ժողովրդին, հողը տալ աշխատավորներին: Նրանք խոստանում էին վերջ տալ գործազրկությանը, ժողովրդին ապահովել հացով եւ վերջ տալ ազգամիջյան բախումներին:

Ընտրություններից հետո հայտարարվեց, որ ՀՅԴն ստացել է 230 հազար 272 քվե եւ ստացել ութսուն տեղից 72-ը: Սոցիալ հեղափոխականները ստացան ընդամենը չորս տեղ, թուրքերն ունեցան երեք ներկայացուցիչ, անկուսակցական գյուղացիները՝ մեկ:

Նորընտիր խորհրդարանի բացումը տեղի ունեցավ 1919թ. օգոստոսի 1-ին՝ խորհրդարանի ավագ անդամ Ավետիք Սահակյանի նախագահությամբ: Անգամ միջոցներ էին գտնվել խորհրդարանի նիստերի դահլիճը նորագելու համար, որն առաջացրել էր ընդդիմադիր ուժերի քննադատությանը, որոնք պնդում էին, թե չէր կարելի նման ճոխություն թույլ տալ, երբ ժողովրդի մեծ մասը հացի կարիք ունի: 

Խորհրդարանի ձեւական նախագահ նշանակվեց Ավետիս Ահարոնյանը, որն այդ ժամանակ գտնվում էր Փարիզում, իսկ իրական նախագահներ՝ փոխնախագահներ ընտրվեցին Լեւոն Շանթը եւ Սարգիս Արարատյանը: Խորհրդարանը վարչապետ ընտրեց Ալեքսանդր Խատիսյանին: 

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձավ երեք կին, երբ անգամ եվրոպական շատ երկրներում այն ժամանակ կանայք ընտրելու իրավունք չունեին: 

Հայաստանի առաջին հանրապետության կին պատգամավորներն էին` Կատարինե Զալյան Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը եւ Վարվառա Սահակյանը: 

Զուռնա դհոլով ձեւական ընտրությունների փուլ

Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրությունները վերածվեցին ձեւական, միաժամանակ տոնական միջոցառման: Գոյություն ուներ մեկ կուսակցություն եւ ավանդույթ էր դարձել, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվում էր միայն մեկ թեկնածու: Բոլոր թեկնածուներն էլ ընտրվում էին քվեարկության մասնակիցների ձայների 99,99 տոկոսով:

Սկսած վաթսունական թվականներից, երբ որոշակիորեն ցրվեց վախի մթնոլորտը, բնակչության ճնշող մեծամասնությունը ընտրության չէր մասնակցում: Նրանց փոխարեն քվեարկում էին ինչ-որ ակտիվիստներ, որոնք տնից տուն, բնակարանից բնակարան էին մտնում, խնդրում հիշեցման թերթիկները եւ դրանցով էլ քվեարկում: Հետո թերթերից, ռադիոյից եւ հեռուստատեսությունից ժողովուրդն իմանում էր, որ ընտրողների ավելի քան 90 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, իսկ թեկնածուն ստացել ձայների 99,99 տոկոսը: Եւ բոլորին միշտ հետաքրքրում էր, թե ովքե՞ր են այդ խիզախները, որոնք կազմում էին, 0,01 տոկոս:

Խորհրդային Հայաստանը 70 տարիների ընթացքում ունեցել է խորհրդարանի 14 նախագահ: Ընդգծենք, որ խորհրդարանի ղեկավարները Խորհրդային Հայաստանում լուրջ դերակատարում չեն ունեցել եւ նրանցից շատերի անունը ոչինչ չի ասում: Հիշվել են նրանցից միայն մի քանիսը, այն էլ իրենց անհատական հատկանիշների շնորհիվ: Սարգիս Կասյանից եւ Ալեքսանդր Մյասնիկյանից բացի մինչ օրս հիշվում է ինքնատիպ կենսագրություն ունեցող Մացակ Պապյանը:

Անկախության տանող ընտրություններ

Խորհրդային Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները նման չէին նախկին ընտրություններին: 1990թ. մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին տեղի ունեցան իսկապես աննախադեպ ընտրություններ, իհարկե, շնորհիվ մեծ թափ հավաքած Հայոց համազհային շարժման: Գործող խորհրդային օրենքներով հնարավոր եղավ առաջադրել ոչ կոունիստ թեկնածուների, իսկ ավելի ճիշտ՝ Շարժման առաջնորդների, ակտիվիստների:

Հայոց համազգային շարժման պաշտոնաթերթ «Հայքը» մայիսի 6-ին հրապարակեց այն թեկնածուների անունները, որոնք վայելում էին Շարժման աջակցությունը: 

Հիշատակենք թեկնածուներից մի քանիսին, եւ թե որ ընտրատարածքներում էին առաջադրվել: Լեւոն ՏերՊետրոսյանն առաջադրվել էր 7-րդ օկրուգում, Տիգրան Սարգսյանը՝ 9-րդ, Վազգեն Մանուկյանը՝ 10-րդ, Վանո Սիրադեղյանը՝ 13-րդ, Հրանտ Բագրատյանը՝ 21-րդ, Բաբկեն Արարքցյանը՝ 34-րդ, Ռաֆայել Իշխանյանը՝ 46-րդ, Աշոտ Բլեյանը՝ 56-րդ, Ռոբերտ Քոչարյանը՝ 99-րդ, Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան)՝ 111-րդ, Համբարձում Գալստյանը՝ 144-րդ, Հրանտ Մաթեւոսյանը՝ 196-րդ: 

Մայիսի 20-ին կայացած ընտրությունները, որն անցավ մեծամասնական ընտրակարգով եւ երկու փուլով, մի կարեւոր առանձնահատկություն եւս ուներ. ընտրություններին մասնակցում էր նաեւ Արցախը: Լեռնային Ղարաբաղի ընտրական օկրուգներում պատգամավորի թեկնածուներ էին առաջադրվել Սերժ Սարգսյանը՝ 249-րդ օկրուգ, Արկադի Ղուկասյանը՝ 251, Օլեգ Եսայանը՝ 258 եւ այլոք:

Մայիսի 19-ին ժողովրդին կոչով դիմեց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն եւ Հայոց համազգային շարժման վարչությունը.
«Խորհրդարանի ընտրությունները պետք է դառնան մեր երկամյա ազգայինազատագրական պայքարի, մեր ժողովրդի քաղաքական գիտակցության ստուգատեսը: Բոլորս դեպի ընտրություններ՝ հանուն հայ ժողովրդի իղձերի իրականացման»

Հունիսի 10-ին «Հայքը» հրապարակեց նորընտիր պատգամավորների անունները, որոնց ընտրությունների ժամանակ աջակցում էր ՀՀՇ-ն: Նրանց թվում էին նաեւ Լեւոն ՏերՊետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Իշխանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Սերժ Սարգսյանը, Գեորգի Պետրոսյանը: 

Պատգամավոր էր դարձել ՀՀՇի աջակցությունը վայելող 72 թեկնածու (խորհրդարանն ուներ 260 տեղ): Սա լիովի բավարար էր, որ օգոստոսի 4-ին խորհրդարանի ղեկավար եւ երկրի փաստացի ղեկավար ընտրվի Լեւոն ՏերՊետրոսյանը: Խորհրդարանի պատերի ներքո շարունակ ընդունում էին բազմահազարանոց ցույցեր, որոնց ճնշման ներքո էլ տատանվող պատգամավորները եւ նույնիսկ կոմունիստ թեկնածուներից շատերը քվեարկեց Շարժման կողմից առաջադրված թեկնածուի, եւ ոչ թե կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի օգտին: Իսկ դեպի անկախություն տանող խորհրդարանի առաջին նիստը կայացավ հուլիսի 20-ին:

Ի դեպ, առանց հետաքրքիր միջադեպերի Գերագույն Խորհրդի նախագահի ընտրությունը չանցան: Պարույր Հայրիկյանը, որ ԽՍՀՄ իշխանությունների կողմից արտաքսվելուց հետո դեռ ԱՄՆ-ից չէր վերադարձել Հայաստան, հեռագրով դիմեց պատգամավորներին, որ հենց իրեն ընտրեն նախագահ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Վլադիմիր Մովսիսյանին իր տեղակալներ: Այս առաջարկը բավական լիցքաթափեց լարվածության մթնոլորտը, որն առկա էր դահլիճում, առաջացնելով պատգամավորների բուռն ծիծաղը: 

Հատուկ ընդգծենք, որ հենց այս խորհրդարանն ընդունեց Անկախության հռչակագիրը ՝ 1990թ. օգոստոսի 23-ին եւ այս խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 23-ին հռչակեց Հայաստանի անկախությունը՝ սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության հանրաքվեից հետո:

Ընտրություններն անկախ Հայաստանում

Հայաստանի անկախության հռչակումից հետո սկսվեց պետության կայացման փուլը, մեկը մյուսի հետեւից տեղի ունեցան նաեւ նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ցավոք, բացի 1991թ. կայացած նախագահական ընտրություններից, մյուս բոլոր ընտրությունների արդյունքները, կասկածի տեղիք էին տալիս եւ չէին ընդունվում մասնակից թեկնածուների, քաղաքական ուժերի մեծ մասի կողմից:

Անդրադառնանք այդ ընտրություններին, առանց խորանալու վիճակագրության եւ ավելորդ թվերի մեջ, փորձելով ներկայացնել այն մթնոլորտը, այն կրքերը, որոնք առկա էին այդ ժամանակ:

1991թ. նախագահական ընտրություններ կամ ամենաարդար ընտրությունները

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին, չորեքշաբթի օրը։ Թեկնածուները վեցն էին՝ Զորի Բալայանը, Պարույր Հայրիկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Նավասարդյանը, Սոս Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Դեռ ընտրություններից առաջ էլ պարզ էր, որ հաղթելու է մեծ ժողովրդականություն վայելող Լեւոն ՏերՊետրոսյանը, որին ոչ թե աջակցում էր Հայոց համազգային շարժումը, այլ գրեթե ամբողջ ժողովուրդը: Նա ստացավ 1 մլն 260 հազար 14 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 83 տոկոսը: Պարույր Հայրիկյանը ստացավ ձայների յոթ տոկոսը:

Ընտրությունների արդյունքները որեւէ մեկի կողմից չվիճարկվեց: Այսուհանդերձ, Պարույր Հայրիկյանը դեռ երկար բոլորին պատմում էր, որ ընտրություններն արդար չեն եղել, քանի որ ընտրարշավի ժամանակ Շամշադինի Պառավաքար գյուղում իրեն ապտակել են: 

1995թ. խորհրդարանական ընտրություններ

ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Նույն օրն անց էր կացվում նաեւ ՀՀ Սահմանադրության համաժողովրդական հանրաքվեն, որով զգալիորեն ուժեղացվում էր նախագահի իշխանությունը:

Ընտրություններն անցան բացահայտ կեղծիքների եւ ուժային լծակների կիրառմամբ։

Իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ) գլխավորեց «Հանրապետություն» միավորումը, եւ իհարկե, հաղթանակ տարավ: Տպավորվեց նաեւ ընտրությւոններից որոշ ժամանակ առաջ Վանո Սիրադեղյանի կողմից հովանավորվող, արհեստականորեն ստեղծված «Շամիրամի»` 16.88 տոկոսը:

Ընտրություններից մոտ կես տարի առաջ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով արգելվեց Դաշնակցության գործունեությունը՝ «Դրո» եւ «31» գործերի պատճառաբանությամբ: Բնականաբար, ընտրություններին ՀՅԴ-ն չմասնակցեց:

1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում իշխանական ճգնաժամ սկսվեց: ՀՀ նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց, որին հետեւեց Ազգային Ժողովի ղեկավարության հրաժարականը եւ պատգամավորների զանգվածային «արտագաղթը» «Հանրապետություն» խմբակցությունից:

1996թ. նախագահական ընտրություններ կամ եթե չգամ

Ընտրությունները կայացան սեպտեմբերի 22-ին: Կառավարող ՀՀՇ-ն նախագահի թեկնածու առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ կառավարող ուժի ղեկավարության ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ իրենց թեկնածուն հեշտ հաղթանակ կտանի, եւ անգամ լուրջ չէին վերաբերվում նորմալ ընտրարշավի անցկացմանը: 

Այս իրավիճակում գնալով աճում էր նախագահի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի վարկանիշը: Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում ձեւավորվեց ազգային համաձայնության դաշինքը, որը հայտարարեց Վազգեն Մանուկյանին աջակցելու մասին: 

Պաշտոնական արդյունքներով ընտրությունների մասնակիցների 51.5 տոկոսով նախագահ ընտրվեց Լեւոն ՏերՊետրոսյանը: Ընդդիմությունը պնդում էր, որ ընտրություններն անցել են աննախադեպ ընտրակեղծքիներով եւ ուժային կառույցների ղեկավարների՝ Վանող Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյան բացահայտ միջամտությանբ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սկսվեց առաջին հետընտրական բողոքի գործողությունը: 

Սեպտեմբերի 25-ին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ ներխուժեցին Ազգային Ժողովի շենք։ Ծեծի ենթարկվեցին ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանն եւ փոխխոսնակ Արա Սահակյանը։ Այդ օրը հնչեց Վազգեն Մանուկյանի թեւավոր դարձած կոչը. «Եթե քսան րոպեից չվերադառնամ, եկեք իմ հետեւից»։ 

Հիշվում է նաեւ Վազգեն Սարգսյանի ասված հետեւյալ խոսքերը. «Եթե ընդդիմությունը հարյուր տոկոս էլ հավաքեր, նրանց իշխանություն ոչ ոք չէր տալու»։

Առաջին անգամ իշխանությունները որոշում կայացրին ուժ կիրառել ժողովրդին ցրելու համար: Փողոց դուրս բերվեցին զրահատեխնիկա, տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Հայաստանն ունեցավ մեծաքանակ քաղբանտարկյակներ։

Բանտերում բիրտ ուժ կիրառվեց քաղաքական գործիչների եւ ակտիվիստների նկատմամբ։ Բարեբախտաբար զոհեր չեղան, սակայն այս ընտրությունները եւ հետընտրական զարգացումները ծանր հետք թողեցին Հայաստանի պատմության հետագա ընթացքի վրա:

1998թ. նախագահական արտահերթ ընտրություններ

1998թ. փետրվարի 3-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ, հայտնի ուժերի ճնշման ներքո նա հրաժարական ներկայացրեց: Նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություններ: Շատերը համոզված են, որ հրաժարականի պատճառը Արցախի հարցում ներիշխանական սուր տարաձայնություններն էին: Իրականում, կարծում ենք, պատճառը նախ եւ առաջ թաղված են 1996թ. նախագահական ընտրությունների ավերակների տակ:

1998թ. արտահերթ նախագահական ընտրույթունները տեղի ունեցան երկու փուլով, քանի որ առաջին փուլում հաղթողը չորոշվեց: Առաջադրվել էր նախագահի 13 թեկնածու: Երկրորդ փուլ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը: 

Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկեց 430 հազար ընտրող, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ 550 հազար: 

Երկրորդ փուլում ստանալով ընտրողների ձայների 59 տոկոսը Հայաստանի երկրորդ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Նա պաշտոնը ստանձնեց 1998թ. ապրիլի 9-ին: Երդման արարողությանը մասնակցեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

1999թ. խորհրդարանական ընտրություններ

ՀՀ երկրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1999թ. մայիսի 30-ին:

Ընտրությունների, իսկ ավելի ճիշտ մինչեւ ընտրությունները տեղի ունեցած ամենամեծ անակնկալը Վազգեն Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի Ժողովրդական կուսակցության մինջեւ ստեղծված «Միասնություն», դաշինքն էր:

Դաշինքի ստեղծման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ այն համոզիչ հաղթանակ է տանելու: Այդպես էլ եղավ: 

ԱԺ նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը հաճախ սրամիտ դիտողություններ էր անում որոշ պատգամավորների, լիցքաթափելով սուր քննարկումների ժամանակ առաջացած լարված մթնոլորտը: 

Ցավոք, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը խլեց նաեւ Կարեն Դեմիրճյանի կյանքը:

Նոյեմբերի 2-ին գումարված արտահերթ նստաշրջանում ընտրվեց ԱԺ նոր ղեկավարություն:

2003թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի հերթական ընտրությունները տեղի ունեցան փետրվարի 19-ին: Նախագահի պաշտոնին հավակնում էր տասնհինգ թեկնածու: Որպես թեկնածու ցանկանում էր առաջադրվել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց չգրանցվեց, քանի որ չհաստատվեց, որ նա վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի է եղել: 

Ի վերջո գրանցվեց ինը թեկնածու։ Առաջին փուլում կրկին հաղթող չեղավ, ինչպես 1998-ին: Երկրորդ փուլ դուրս եկան Ստեփան Դեմիրճյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, իսկ երկրորդ փուլում հաղթանակի հասավ Ռոբերտ Քոչարյանը, ստանալով ընտրողների ձայների 67.8 տոկոսը: 

Կրկին հետընտրական զարգացումներ, ցույցեր ու երթեր եղան, սակայն դրանք, անարդյունք էին: Ստեփան Դեմիրճյանը ժամանակի ընթացքում վատնեց հորից ժառանգած իր քաղաքական կապիտալը եւ Ռոբերտ Քոչարյանը շարունակեց պաշտոնավարել: 

Այս ընտրությունների տպավորիչ դրվագներից էր Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ կայացած հեռուստաբանավեճը եւ մինչ օրս շատերը հիշում են այն պահը, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստեփան Դեմիրճյանից պահանջեց ներկայացնել ինչ որ ցուցակ, իսկ նրա մրցակիցը դրան պատրաստ չէր: 

Հետընտրական ցույցերը շարունակվեցին մինչեւ 2004 թ. ապրիլ։ 2004 թ. ապրիլի 12-ին մի քանի տասնյակ մարդ ուղղվեց դեպի Բաղրամյան պողոտայում գտնվող Նախագահական նստավայր, որտեղ նրանք հադիպեցին ոստիկանության կողմից շարված փշալարերին։ Հավաքված ժողովրդի մի մասը մնած այնտեղ գիշերելու, որոնց ոստիկանությունը բռի ուժով ցրեց։ Իսկ ավելի վաղ, երբ ժողովուրդը ցանկանում էր գրոհով անցնել փշալարերի վրայով, հանկարծ պարզվեց, որ ընդդիմության առաջնորդները լքել են առաջին շարքերը եւ հեռացել անհայտ ուղղությամբ:

2003թ. խորհրդարանական ընտրություններ՝ առանց ժողովրդի ակտիվության

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2003 թ. մայիսի 25-ին՝ նախագահական ընտրություններից մոտ երեք ամիս անց:

Հաշվի առնելով նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հետընտրական գործընթացները, թվում էր, թե կարձանագրվի մասնակցության բարձր աճ, բայց տեղի ունեցավ հակառակը: Ընտրատեղամաս եկավ քվեարկելու իրավունք ունեցողների 51 տոկոսը:

Միջազգային դիտորդները նկատել էին, որ ընտրություններին ընտրողների ցածր մասնակցությունը վկայում է մարդկանց մոտ ընտրական գործընթացի հանդեպ վստահության զգալի նվազման մասին:

Ընտրությունների արդյունքում 5 տոկոսանոց շեմը հաղթահարեցին 6 կուսակցություններ եւ դաշինք:

Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ առավել քանակությամբ քվեներ ստացած երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիա կազմեցին եւ համատեղ կառավարություն ձեւավորեցին:

Հիմնական սկանդալ կարելի է համարել ընտրությունների օրը Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գրանցված զինված միջադեպը, որի արդյունքում սպանվել էր մեկ մարդ եւ վիրավորվել էին երկուսը:

Իսկ ամենահիշվող նախընտրական հայտարարության հեղինակը Գալուստ Սահակյանն էր, որն ասաց, թե ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը» «վերածվել են կուրտիզանուհիների, որոնք փորձում են բավարարել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանություններին:

Ընտրությունների հաջորդ օրը «Արդարությունը» հանդես եկավ հայտարարությամբ` չճանաչելով ընտրությունների արդյունքները, բայց մանդատներից չհրաժարվեցին:

2007թ. խորհրդարանական «դինջ» ընտրություններ

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Ընտրություններին մասնակցեցին 23 քաղաքական ուժեր` 22 կուսակցություն եւ 1 նախընտրական դաշինք:

2003 թվականի համեմատ կարելի է ասել տեղի ունեցան խաղաղ եւ հանգիստ, անգամ ձանձրալի ընտրություններ:

Ընտրությունների ամենակարեւոր արդյունքներից մեկը ընդդիմության նախկին առաջատարների ծանր պարտություններն էին: ՀԺԿ-ն Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանությանը»` Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ ստացան համապատասխանաբար ձայների 3,6 եւ 2.7 տոկոսը:

Ազգային Ժողովում ստեղծվեցին 5 խմբակցություններ` ՀՀԿ (64 պատգամավոր), ԲՀԿ (25), ՀՅԴ (16), ՕԵԿ (8), Ժառանգություն (7):

Ընտրությունների հետ կապված գլխավոր սկանդալը ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ կապված «լրտեսական կրքերն էին»: «Գոլոս Արմենիի» օրաթերթը ապրիլի 21-ի համարում «Մարկո Պոլոյում» սեղանի շուրջ» հոդվածում հատվածներ հրապարակեց Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի զրույցից, ըստ որի Արթուր Բաղդասարյանը դեսպանությունից աջակցություն էր պահանջում եւ առաջարկում ընտրությունների հետ կապված ավելի կոշտ դիրքորոշում ընդունել:

Ապրիլի 30-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանի պահելաձեւը բնութագրեց որպես «դավաճանություն»: «Ով դավաճանել է մեկ անգամ, կդավաճանի նաեւ երկրորդ անգամ»,- հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

2008թ. նախագահական ընտրություններ

2007թ. սեպտեմբերի 21-ին կայացած ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարեց իր քաղաքականություն վերադառնալու եւ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր արշավը սկսեց կոշտ բառապաշարով եւ ձևակերպումներով՝ թաթար-մոնղոլներ եւ ավազակապետություն անվանելով իր հակառակորդներին, իսկ նրա թիմակիցները ամեն օր հրապարակում էին այն մարդկանց ցանկը, ովքեր իշխանափոխությունից հետո պետք է հայտնվեին բանտերում։ Սա թերեւս, գնալով թափ հավաքող ընդդիմութան ամեկոպիտ սխալն էր, որը բերեց իշխանության մոնոլիտացմանը, որին հաղթելը արդեն չափազանց դժվար էր։

2008 թ. փետրվարի 19-ին կայացան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթանակ տարավ ՀՀ վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 20-ին սկսեց զանգվածային հանրահավաքների շարք, չընդունելով ընտրությունների արդյունքները, որոնց մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ի հակակշիռ սրան, որոշվեց կազակերպել Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Հետադարձ հայացքով կարելի է ասել, որ դա Սերժ Սարգսյանի շտաբի ամենասխալ որոշումներից մեկն էր։ Հանրահավաքի մասնակիցները կարճ ժամանակ անց միացան Ազատատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ինչր կտրուկ սրեց լարվածությունը։

Փետրվարի 29-ի գիշերը իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ։ Մարտի մեկի առավոտյան մի քանի հազար մարդ հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան առջեւ՝ Մյասնիկյանի հրապարակում։ Օրվա ընթացքում ոստիկանական ուժերը բերվեցին Երեւան եւ մարտի մեկին գիշերը տեղի ունեցան ողբերգական եւ արյունալի իրադարձություններ, որի հետեւանքով տասը մարդ զոհվեց, որից երկուսը՝ ոստիկան։

Սա ամենաողբերգական ընտրություններն էին Հայաստանի պատմության ընթացքում: Տեղի ունեցածն ընտրական գործընթացների նկատմամբ եղած անվստահության եւ հիմնական մրցակից ուժերի միջեւ երկխոսության բացակայության հետեւանքն էր:

Ընտրություններից հետո երկրում ստեղծվել էր բավական ծանր եւ պայթյունավտանգ մթնոլորտ։ Կարելի է ասել 2008թ. ընտրություններից հետո սկսված հետընտրական գործընթացն ամենաերկարատեւն ու բարդն էր, որի հանգուցալուծման համար բավական ծանր աշխատանք էր պահանջվում:

2012թ. «անհետացող դրոշմակնիքների» ընտրություն

Ընտրությունները կայացան մայիսի 6-ին: 131 պատգամավորից 41-ն ընտրվեց մեծամասնական, իսկ 90-ը համամասնական ընտրակարգով։ Առաջին տեղում 44,02 տոկոս արդյունքով հայտնվեց ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն ստացավ ձայների 30,12 տոկոսը, ՀԱԿ-ը՝ 7,08, ՕԵԿ-ը՝ 5,51, ՀՅԴ-ն՝ 5,7 եւ Ժառանգությունը՝ 5,7 տոկոսը:

ՀԱԿ-ը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները կեղծված են եւ հետընտրական պայքար սկսեց, որը երկար շարունակություն չունեցավ: 

Անկախ դիտորդներն էլ եւ մարդու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տարատեսակ կազմակերպությունները եւս արձանագրեցին, որ տեղ են գտել բազմաթիվ խախտումներ, եւ որ անձնագրերում նշումներ անելու մեխանիզմը ձախողվել է: Նրանք նաեւ ընդգծեցին, որ երկրում առկա աղքատությունը եւս ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

2013թ. Նախագահական ընտրություններ կամ աղոթք ոստիկանապետի հետ

Փետրվարի 18-ին կայացան հերթական նախագահական ընտրությունները: Իսկ մինչ այդ տեղի ունեցան մի շարք հետաքրքիր եւ կարեւոր իրադարձություններ: Թվում էր, թե ընդդիմության բևեռը կգլխավորի Գ. Ծառուկյանը, ով ուներ շատ բարձր վարկանիշ, սակայն վերջին պահին ԲՀԿ-ն հայտարարեց, որ նախագահի թեկնածու չի առաջադրելու:

Իսկ երեք օր անց ՀՀԿ-ն նախագահի թեկնածու առաջադրեց Սերժ Սարգսյանին: Մեկ շաբաթ հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ինքնաառաջադրվելու մասին: Երեք օր անց Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում պայքարել նախագահի պաշտոնի համար: 

Սերժ Սարգսյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից բացի նախագահի թեկնածու առաջադրվեց եւս վեց հոգի՝ այդ թվում էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ Պարույր Հայրիկյանը, որը հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում տպագրիչների փողոցում ստացավ հրազենային վնասվածք եւ տեղափոխվեց հիվանդանոց, իսկ հետո դատարանը պարզեց, որ կրակոցի հետեւում կանգնած է էպոսագետ թեկնածուն՝ Վարդան Սեդրակյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ձայների մոտ 37 տոկոսը, իսկ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ստանալով ձայների 58,6 տոկոսը:

Եւ հերթական անգամ ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները եւ սկսվեցին հետընտրական բողոքի գործողություններ: 2013 թ. ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մի քանի հազար մարդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա։ Այնտեղ ոստիկանությունը կազմել էլ մարդկային պատ՝ Հովհաննիսյանի աջակիցների առաջընթացը դեպի Նախագահական նստավայր կանխելու համար։ 

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցավ բախում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, որի արդյունքում եղան մի քանի վիրավորներ, այդ թվում Արմեն Մարտիրոսյանը։ Այդ ընթացքում, Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության մի քանի ղեկավար անդամների եւ հավաքված հանրության մի մասը հետ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ տեղի ունեցավ աղոթք։ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը որոշների կողմից որակվեց որպես դավաճանություն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց որ այդ քայլը արվել է մարդկային զոհերից խոսափելու համար։ Սա, անկասկած, սկիզբն էր Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կապիտալի սպառման։

2017թ. Խորհրդարանական կամ «ռեյտինգային տղերքի» ընտրություններ

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները կայացան ապրիլի 2-ին, որը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին: 

Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրրին 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 5 կուսակցություն:

Ընտրություններն անցկացվեցին նոր, այսպես կոչված, ռեյտինգային համակարգով, որը բացարձակ առավելություն էր խոստանում իշխանական ճամբարի թեկնածուներին։ Սա կոչվեց նաեւ որպես « թաղի տղաների» ընտրություն։

Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն (ՀՀԿ, ՀՅԴ) եւ կուսակցությունների 2 դաշինք («Ծառուկյան դաշինք», «Ելք»)։ 

Ընտրություններից հետո երկար տարիների ընթացքում առաջին անգամ հետընտրական բողոքի գործողություններ տեղի չունեցան: Ավելին, ընտրությունների արդյունքներն ընդունեցին խորհրդարան անցան բոլոր ուժերը, այդ թվում եւ «Ելք» դաշինքը:

Նախագահ՝ առանց համաժողովրդական ընտրության

2018թ. մարտի 2-ին Ազգային ժողովում ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Նա պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, երբ ավարտվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Սա առաջին անգամն էր, երբ նախագահը ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ պատգամավորների կողմից: Դարձյալ հետընտրական անդորր։

Ամփոփում

Հարյուր տարվա հայկական ընտրությունների համառոտ պատմությունը վկայում է, որ բոլոր ժամանակներում եղել է անվստահություն ընտրական համակարգի նկատմամբ, ինչը երկրի զարգացման համար շատ մեծ խոչընդոտ է։ Գրեթե միշտ եղել են հետընտրական բողոքի ալիքները, որոնք մարվել են կամ ուժի կիռամամբ կամ ժամանակի ընթացքում ուղղակի մաշվել են։

Ընտրությունները գրեթե միշտ ընթացել են կոշտ, հաճախ՝ վտանգավոր հռետորաբանությամբ՝ ընտրությունները վերածելով կենաց ու մահու կռվի։

Այս առումով, թերեւս, ամենահանդարտը 2017-ի խորհրդարական ընտրություններն էին. այստեղ էլ, սակայն, ռեյտինգային համակարգի պատճառով կտրուկ նվազել էր ընտրությունների քաղաքական կոմպոնենտը՝ տեղը զիջելով թաղային, ընտրատարածքային հեղինակություններին։

4-րդ նախագահի ընտրություններին ժողովուրդն անմասնակից էր, եւ առանձնակի հանրային հետաքրքություն չցուցաբերվեց։

Այսպիսով՝ Հայաստանի ընտրական համակարգն ունի լուրջ վերափոխման անհրաժեշտություն, որի հիմնական տրամաբանությունը հետեւյալն է՝ վերականգնել ընտրությունների քաղաքական բնույթը ու դրանց հանդեպ վստահությունը եւ, որպես արդյունք, չվերականգնել հետընտրական սրացումների եւ առճակատումների ավանդույթը։

Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ