14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Երիտասարդ գիտնականները զեկուցել են Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ամփոփել 2012-2017թթ. ԵԳԱԾ գործունեության արդյունքները, անդրադարձել նաև հետագա անելիքներին: 
Ներկայացնելով 2017 թվականին ԵԳԱԾ գործունեությունը՝ ծրագրի պատասխանատուներն այն բաժանել են հինգ հիմնական ուղղությունների՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում և «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթի ֆինանսական աջակցության տրամադրում:

Հայաստանում գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը, երիտասարդների գնահատմամբ, լիովին ծառայում է իր նպատակին և մեծ խթան է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդների համար:

Հանդիպմանը ներկա երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ծրագրի մեկնարկից ի վեր մշտապես իրենց կողքին լինելու և զգալի աջակցություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ելնելով ծրագրի կարևորությունից ու արդյունավետությունից՝ այն շարունակվելու է, և հորդորել է երիտասարդներին այսուհետ ևս ակտիվ աշխատել, նոր մտահղացումներով ու նախաձեռնություններով զարգացնել ծրագիրը:

Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է գիտության մեջ սերնդափոխության կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երիտասարդ գիտնականներն ուրախությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա, և վստահեցրել են, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ կշարունակեն իրենց գործունեությունը՝ ներգրավելով նոր գործընկերների և նպաստելով հանրապետությունում գիտության զարգացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ