Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը պետք է դարձնել անկյունաքարային հարց. Վաչե Տերտերյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության առաքելության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին ԶՖԳ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ֆանետ Բարդենը, գյուղական և գյուղատնտեսական զարգացման փորձագետներ Վաչե Փափազյանը, Ալեքսիա Հոֆմանը, ԶՖԳ Հարավային Կովկասի ծրագրերի պատասխանատու Ուգո Բերարը, Ֆրանսիայի դեսպանության տեխնիկական համագործակցության կցորդ Կանտեն Պերիեն։
Ողջունելով առաքելության ներկայացուցիչներին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ ԶՖԳ հետ հանդիպումները միշտ ոգևորող են, քանզի դրանք աչքի են ընկնում իրենց գործնականությամբ և արդյունավետությամբ, որոնք իրենց արտահայտությունն են գտնում մասնավորապես Վեդիի ջրամբարի և Երկրորդային քաղաքների զարգացման ծրագրերում։ Փոխնախարարը կարևորել է նաև տարածքային մակարդակում հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում իրականացվող մի շարք հորիզոնական ծրագրերը, որոնք ապագայում աճելու միտում ունեն։
Առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել նախարարության դերը ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման գործում։ «Վեդիի ջրամբարի ծրագիրը շատ արդյունավետ է և նշաձող է հանդիսանում հետագա համագործակցության խորացման հարցում։ Մենք կարող ենք առկա համագործակցության փորձն ու ներուժը օգտագործել նաև գյուղական համայնքներին ֆինանսական աջակցության, ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերի մշակման նպատակով։ Անհրաժեշտ է ձևավորել գյուղական ենթակառուցվածքների այնպիսի կառուցվածք, որ գյուղատնտեսական նշանակության արտադրանքն առանց խոչընդոտների և կարճ ժամանակահատվածում հասնի շուկաներ, և քաղաքների շուրջ ձևավորվեն ակտիվ տնտեսական գոտիներ»,- ասել է Վաչե Փափազյանը։
Քննարկումների ընթացքում փոխնախարարը, առաքելությանը ներկայացնելով ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, ձևավորվող նոր ենթակառուցվածքները, իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը և սուբվենցիաների տրամադրման նոր կարգը, արձանագրել է. «Մենք գիտակցում ենք գյուղական համայնքներում զարգացում ապահովելու հրամայականը, ինչով պայմանավորված էլ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է համայնքների տնտեսական զարգացման քաղաքականությունը` իրականացնելով բազմաթիվ օժանդակող ծրագրեր»։ Վաչե Տերտերյանը նաև հույս է հայտնել, որ ԶՖ գործակալության հետ հնարավոր կլինի քննարկել և համաձայնության հասնել ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների խորացման և գյուղական համայնքների կարողությունների ընդարձակման ուղղությամբ նոր ծրագրերի ներդրման շուրջ։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են գյուղական ենթակառուցվածքների զարգացման, նրանցում կուտակված ներուժը հարակից քաղաքներին փոխանցման և տարածաշրջանային կարողությունների հզորացմանն ուղղված լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։