18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք

Ի պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից երեկ երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:

Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:

Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:

Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ