22 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ.   Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուվարի 30-ին այցելեցին Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի ունեցավ Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան`  ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական  կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ասաց.

ՙԻնձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել ևս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգգսյանի անունից պետական պարգև հանձնել մի անվանի գիտնականի և պետական գործչի, ով ոչ միայն լեցուն  է այդ մշակույթով, այլև գնահատում է մշակույթը և ամեն ինչ անում այն հարստացնելու և արժանապատվորեն պահպանելու  համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին:

Արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ և,առաջին հերթին, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը:

Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմի,

Հայերը, ինչպես և արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը և ամեն կերպ ձգտում  պահպանել այն: Հայ – արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգևոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլև մշակույթների ու կրոնների միջև երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է:

Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ  Շարժայում և, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ:

Սիրելի ներկաներ,

Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի` Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար`  Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ` հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի` Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարիª աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում:

Հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների անունից ընդունեք, խնդրեմ, մեր  խորին երախտագիտությունը: 

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի  համար և վստահություն հայտնել, որ մեր հարաբերություններն ու բարեկամությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու` հանուն մեր ժողովուրդների բարեկեցության և  Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարօրության՚:

 ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրեց Հայաստան:

Ներկաներին ողջունեց եւ ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Շարժայի էմիր Շեյխ  Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին`  ՀՀ պետական պարգեւին արժանանալու  եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց հայ եւ արաբ  ժողովուրդների  դարավոր  ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարեց այդ բարեկամությունը ամրապնդել  տարբեր բնագավառներում`  կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ  առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով   ավելի խորացնելով եւ ընդլայնելով:

 ՀՀ ԱԺ նախագահը գրառում կատարեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ