Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի .Արա Բաբլոյանը հորդորում է
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25-ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ներկայացվում է ստորեւ.
«Հարգելի նախագահող,
հարգելի գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,
նախեւառաջ շնորհակալություն եմ հայտնում այս վեհաժողովի կազմակերպման համար:
Միգրացիայի եւ փախստականների հարցը բոլորիս հուզող խնդիր է, որը մեր երկրների օրակարգային առաջնահերթություններից է:
Աշխարհը մեկը մյուսի հետեւից ցնցում են ճգնաժամերը: Միգրացիայի դրդապատճառները բազմազան են: Այն վերաբերում է ոչ միայն մարդկանց, ովքեր փնտրում են արժանապատիվ աշխատանք եւ ավելի լավ կենսապայմաններ, այլեւ այն մարդկանց, որոնք ստիպված են լինում լքել իրենց տները` անվտանգություն եւ ապահովություն գտնելու հույսով:
Առավել ցավալի է, երբ այս արհավիրքի պատճառ է դառնում պետության վարած քսենոֆոբ բնույթի քաղաքականությունը. երբ անհանդուրժողականություն եւ ատելություն է սերմանվում քաղաքացիների մեջ:
Մեզ՝ հայերիս քաջ հայտնի են նման քաղաքականության հետեւանքները: Անցած դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկվելու համար միլիոնավոր հայեր լքել են իրենց հայրենիքն ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:
Այսօր, Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետեւանքով ավելի քան 20.000 հայեր Սիրիայից ստիպված եղան գաղթել եւ ապաստան գտնել Հայաստանում: Մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում: Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ փախստականների կեցության ապահովման եւ ինտեգրման համար: Սա զգալի թիվ է Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, որը 20-րդ դարի վերջում հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել նաեւ Ադրբեջանից, որտեղ հայերը էթնիկ զտումների են ենթարկվել:
Միգրացիան աշխարհագրորեն սահմանափակված երեւույթ չէ: Այն տարածվում է բոլոր մայրցամաքների վրա եւ վերածվում համընդհանուր մասշտաբներով ողբերգական իրավիճակի:
Առավել ցավալի է, որ այս խնդիրը վերաբերում է երեխաներին՝ ամենախոցելի խմբին, որոնք ենթարկվում են բռնության, բարոյական եւ հոգեբանական ագրեսիայի: Ամենից առաջ պետք է ապահովվեն երեխայի իրավունքները՝ ունենալ ընտանիք, ապրել առողջ եւ ապահով միջավայրում, ստանալ կրթություն:
Հարգելի գործընկերներ,
ինչպես ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ «մեր ընդհանուր պատասխանը պետք է արտահայտվի չորս գործողությամբ` ողջունել, պաշտպանել, նպաստել եւ ինտեգրել»:
Միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումներ փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ահաբեկչության դեմ պայքարում եւ հակամարտություններին քաղաքական կարգավորումներ տալու գործում:
Ավելին, հարկավոր են երկարաժամկետ լուծումներ ապահովող ծրագրեր՝ ուղղված խոցված շրջանների զարգացմանը, ինչպես նաեւ միգրանտների եւ փախստականների կարգավիճակի ամրապնդմանը: Լավ մտածված ու մշակված քաղաքականությունը կխթանի միգրանտների ինտեգրումը հյուրընկալող հասարակություններում եւ կնպաստի յուրաքանչյուր անձի ակտիվ մասնակցությանն այդ երկրի զարգացման գործում:
Հայաստանը, հանդիսանալով քաղաքակիրթ հասարակության մաս, հանձնառու է շարունակել նպաստել համամարդկային արժեքների ամրապնդմանը, աշխարհում կայունության եւ անվտանգության ապահովմանը»: