Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված եւ նախատեսվող ծրագրերը
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:
Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է, որ տարվա ընթացքում մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նաեւ դպրոցներում դրամահավաքության դեպքերի բացառումը, որի ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ավելացել է ներառական կրթություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաեւ համակարգում ընդգրկված սովորողների թիվը:
Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ տարեցտարի աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Համեմատության համար նշվել է, որ, եթե 2012-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել էր 29.800 երեխա, ապա 2013-ին՝ 30.864 երեխա: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ 2014 թվականին մանկապարտեզները շարունակելու են գործել անվճար սկզբունքով:
“Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեով համապատասխան միջոցներ են նախատեսված մանկապարտեզ հաճախող երեխաների համար անվճար սկզբունքը պահպանելու նպատակով: 2013 թվականին կատարվել են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպվել է նաեւ գույքի թարմացում: Ծրագիրն ընդգրկել է ինչպես հանգստի սենյակներն ու ննջասենյակները, այնպես էլ խոհանոցները: Մանկապարտեզների գույքի թարմացման ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաեւ այս տարի”,-նշել է Արամ Սուքիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս հատուկ ուշադրություն պետք է դարձվի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկողությանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-ին այս եւ դրամահավաքության մասով 5 մանկապարտեզների տնօրեններ ենթարկվել են կարգապահական համապատասխան տույժերի, նաեւ՝ ազատվել աշխատանքից:
Անդրադառնալով մշակութային օջախների վերանորոգմանն ու ջեռուցմանը` Արամ Սուքիասյանը, ընդգծելով ծրագրի կարեւորությունը, նշել է, որ 2013–ին ամբողջությամբ լուծվել է վերը նշված օջախների ջեռուցման խնդիրը:
“Երեւան քաղաքում գործող մշակութային օջախները, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցներն այսօր արդեն չունեն ջեռուցման խնդիր: Մշակութային օջախներում կատարվող աշխատանքները տալիս են իրենց արդյունքները, ինչի մասին է խոսում նաեւ երեխաների թվի ավելացումը: Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը հատկապես ազգային նվագարանների եւ նկարչության նկատմամբ”,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
2013-ին տեղի ունեցած առավել ընդգրկուն մշակութային ծրագրերի հետ կապված՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է “Էրեբունի-Երեւան 2795” միջոցառումները, որի շրջանակում մայրաքաղաքի 26 բեմահարթակներում ներկայացվեցին բազմաժանր մշակութային ծրագրեր: Առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն այս տարվա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:
Մշակութային ծրագրերից առանձնացվել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ամփոփիչ ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում շուրջ 25.000 կտոր գրականությամբ թարմացվեցին գրադարանային ֆոնդերը: Զգալի աշխատանք է տարվել նաեւ գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Ա. Իսահակյանի անվան գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաեւ տեսա- եւ ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Տարին ամփոփվել է ամանորյա եւ սուրբծննդյան տոնական միջոցառումներով:
Արդեն ավանդական դարձած միջոցառումների շարքում աչքի է ընկել ջազի միջազգային օրը: Նշվել է, որ այս տարի ապրիլի 30-ին կներկայացվի մշակութային առավել հագեցած ծրագիր՝ նաեւ արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ՝ նվիրված Վերջին զանգին եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Այս տարի կկազմակերպվի նաեւ 2013-ին առաջին անգամ ացկացված եւ երեւանցիների շրջանում լայն արձագանք գտած “Երեւանյան ամառ” միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաները կրկին հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ անվճար հիմունքներով քաղաքապետարանի ենթակայության որոշ թանգարաններն ու կենդանաբանական այգի այցելելու:
Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացված կենդանաբանական այգու բարեկարգմանն ու կառուցապատմանը:
Այս տարի կմեկնարկի “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնողական աշխատանքների եռամյա ծրագիրը:
Տարվա ընթացքում աշակերտների համար կկազմակերպվեն նաեւ անվճար այցելություններ թատրոններ ու թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է ավելի քան 70 հազար աշակերտ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գործընկեր կառույցների, տեղական եւ արտասահմանյան զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպումները, կլոր սեղաններն ու սեմինարները մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը: Ընթացքի մեջ է նաեւ Երեւանի բրենդավորման գործընթացը:
Մայրաքաղաքի մարզական առօրյային առնդրադառնալով՝ նշվել է, որ 2013 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 լայնամասշտաբ մարզական միջոցառում: Աշխատանքներ են տարվել նաեւ հեծանվուղիների ընդլայնման ուղղությամբ: Այս տարի քայլեր կձեռնարկվեն Երեւանը հեծանվային երթեւեկության համար ավելի հարմար դարձնելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն