Ունիվերսալ լուծումներ չկան. Շարմազանով
«Ունիվերսալ լուծումներ չկան, յուրաքանչյուր երկիր իր կառավարման արդյունավետությունից ելնելով՝ ընտրում է կառավարման համապատասխան մոդելը»,- այսօր «Կառավարության կառուցվածքի» և կից փաթեթների մասին քննարկման ժամանակ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ եթե պառլամենտարիզմը չլիներ, ապա ընդդիմադիր գործընկերները չէին ունեն իրավունք հարցապնդում անել և վարչապետին կամ նախարարին հրավիրել այստեղ: «Այդ պատճառով երբ խոսում եք, որ պառլամենտարիզմը լիարժեք չէ, կարծում եմ, դրանք հիմնազուրկ են:
Վարչապետի մասով, կրկնեցի՝ ունիվերսալ լուծումներ չկան, բայց երբ մենք ուժային կառույցները, մանավանդ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, վերահսկողական ծառայությունը դնում ենք ուղիղ վարչապետի ենթակայության տակ, բարձրացնում ենք այդ մարմինների քաղաքական պատասխանատվության մակարդակը, և այդ կառույցների քաղաքական պատասխանատուն դառնում է վարչապետը»,-հայտարարեց նա:
Շարմազանովը նշեց, որ հանձնաժողովներում էլ կարող են հյուրընկալվել այն պաշտոնյաներն, ովքեր իրավունք կունենան, ի պաշտոնե, մասնակցելու:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարել էր, որ պառլամենտարիզմը ուղղակի ձևական է: Նաև կոչ էր արել հավելել, որ օրենքով վերոնշյալ կառույցների ղեկավարները մասնակցեն նիստերին հարկ եղած դեպքում: