Գողացավ, չէ մի, բռնեց, սպանեց, վամպիրա. Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանից
«Տաշած քարը գետնին չի մնա. Բաղմանյան Հայկազը աժանի տղա ա, լավ անցյալ ունի, ամբողջ պատերազմով անցել է, միշտ առաջին գծումա եղել, դրա համար ամեն մեկին իրա ծառայության համար պետությունը մառուցումա։ Լավ կծառայեն, լավ կստանա, վատ՝ վատ, իսկ թերություն սաղս էլ կարանք ունենանք, անթերի մարդ չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով ՀԱՊԿ միացյալ ուժերի շտաբի պետի տեղակալ նշանակվելու մասին:
Դիտարկմանը, թե Բաղմանյանը ազատվել էր նախկին զբաղեցրած պաշտոնից, որովհետև չարաշահումներ էր կատարել, գեներալն արձագանքեց. «Ի՞նչ է գողացել, որտեղի՞ց, եթե մարդը մարտական պատրաստվածության պետն է, ի՞նչը պիտի գողնար, զինվո՞ր պիտի գողնար:
Էդ մեղադրողը ղալաթա անում, գլուխն էլ պատինա տալիս։ Թող գնան, իրա դեմ ասեն։ Բոլորդ էլ շատ լավ հասկանում եք՝ ինչի մասինա խոսքը, ուղղակի սթից խոսում եք, գողացավ, չէ մի բռնեց, սպանեց, վամպիրա»։
Երեկ նախագահի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր աշխատանքից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով։