Հույսով եմ, որ Քոչարյանի զգացողությունը վերականգնվել է, կկարողանա ցուցմունքներ տալ. Փաշինյան
Ազգային ժողովում քննարկման դրվեց «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված «մարտի 1-2»-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «մարտի 1»-ի զոհերի ընտանիքների փոխհատուցում տալու մասին: Փաշինյանն ասաց, որ Գևորգ Կոստանյանն ինքն է ասել, թե ինչ-որ հատուկ կարգավորումների կամ պայմանների դեպքում այս հարցը կարող է կարգավորվել, և ինքը հորդորեց Կոստանյանին դա ներկայացնել, քանի որ փոխհատուցման հարցը շատ կարևոր է:
Մարուքյանը նաև խնդրեց Փաշինյանին անդրադառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակի արձագանքին իրենց պահանջին, թե Քոչարյանը պետք է հարցաքննվի այս գործով: Խոսնակը մասնավորապես ասել էր, որ Փաշինյանն ինքն է եղել արյունալի իրադարձությունների սադրիչն ու հրահրողը:
«Ռոբերտ Քոչարյանի հայտարությունից երևաց, որ վատ է զգացել, որ ընդդիմության ներկայացուցիչները Աժ դահլիճում կազմակերպել են լսումներ, հիմա որոշ ժամանակ է անցել, հույսով եմ, որ նրա զգացողությունը վերականգնվել է ու ունի բավարար առողջություն, որպեսզի նախաքննության հարցերին պատասխանի ու ցուցմունքներ տա»,-ասաց Փաշինյանը՝ հորդորել գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանին կանչել հարցաքննության:
Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունն ասել էր, թե բավարար հիմքեր չկան, որպեսզի Քոչարյանին կանչեն հարցաքննության: