Սրանից 100 տարի առաջ Էնվերն ու Թալեաթն էին, հիմա՝ դուք. Օսման Բայդեմիրը՝ Թուրքիայի իշխանություններին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Օսման Բայդեմիրը քննադատել է երկրի զինված ուժերի կողմից Աֆրինում իրականացված գործողությունները։
Ներկա գտնվելով Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում կազմակերպված նովրուզի (Նոր տարի) տոնակատարություններին՝ նա մասնավորապես ասել է.
«Քրդերից, ալևիներից առաջ թուրք ժողովուրդը պետք է «ոչ» ասի այդ համակարգին (Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը-խմբ)։ Ըստ Էության հենց դուք իմ անունից պետք է ասեք Աֆրին մի մտեք, մեր քուրդ եղբայրներին մի սպանեք։ Պատմությունից պետք է դասեր քաղել։ Սրանից 100 տարի առաջ էլ Էնվեր և Թալեաթ փաշաներն էին։ Նույն սխալներով էին շարժվում ինչ ներկայիս իշխանությունները։ Մեծ կայսրությունից դարձան փոքր պետություն։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի քրդերի համար այլ ընտրություն չի մնա, քան առանձնանալը։ Ամենամեծ առարկողը պետք է լինի հենց թուրք ժողովուրդը, որպեսզի Թուրքիայի իշխանություններին հետ պահի սխալից»։
Հիշեցնենք, որ Բայդեմիրը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Նա 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը: