Կտամ չանդ կծռեմ. պատգամավորը՝ Փաշինյանի օգնականին. Հայկական Ժամանակ
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը:
«Նա ինձ ստիպում էր դուրս գալ լսարանից, որովհետեւ սափրված չեմ: Ես, բնականաբար, իր պահանջին չենթարկվեցի եւ ասացի, որ դուրս չեմ գալիս: Նա նորից պահանջեց, բայց ես իրենից պահանջեցի իրավական հիմք, որ պարտավոր եմ չսափրված լինելու համար դուրս գամ, եւ նա չկարողացավ բերել այդ իրավական հիմքը: Նա ինձ դուրս հանեց եւ ասաց, որ գնամ դեկանի մոտ: Ես գնացի դեկանի մոտ, խոսեցինք, նա ինձ հասկացավ, որ չկա իրավական հիմք, որով կարող է նա ինձ դասի չթողնել: Գործավարի հետ գնացինք էլի լսարան, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ մյուս անգամ ես սափրված գամ, բայց ես մնացի իմ դիրքորոշման մեջ: Կրկին գնացինք դեկանի մոտ եւ նա արեց հետեւյալ արտահայտությունը՝ դու գիտես ես ով եմ, կտամ չանդ կծռեմ: Ես իրեն ասացի, որ նա պատգամավոր է եւ դասախոս: Նա նորից արեց այդ արտահայտությունը, որ կտա իմ չանը կծռի: Դեկանն այդ ժամանակ ինձ ասաց, որ իրենց մենակ թողնեմ: Դրանից հետո նա նորից ինձ չէր թողնում, որ ես մտնեմ լսարան, բայց ես եւ մյուս չսափրված ուսանողները մտանք»,- ՀԺ-ին տեղեկացրեց Գալջյանը:
Նրա խոսքով՝ սա իրենց 3-րդ դասն է եղել: Առաջին անգամ Պետրոսյանը զգուշացրել է, որ սափրված լինեն, երկրորդին Արմեն Գալջյանին լսարան չի թողել ուշ մտնելու համար, իսկ երրորդ դասն անցել է նման սկանդալային մթնոլորտում:
«Նա ինձ ասաց, որ ինձ օբյեկտիվ է մոտենալու, մյուսներին՝ սուբյեկտիվ, քննությունների ժամանակ խտրական վերաբերմունք է ցուցաբերելու»,- ասաց նա:
Թեմայի շուրջբ ՀԺ-ն պարզաբանում խնդրեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նա, երբ լսեց վերոնշյալ պատմությունը, հարցրեց. «Նա է այդպես ասե՞լ»,- իսկ երբ դրական պատասխան ստացավ, նշեց.
«Երբ տեսնեմ նրա հարցազրույցը, այդ ժամանակ էլ կարձագանքեմ»:
Մեր հարցապնդմանը, թե սպառնացել է ուսանողի ծնոտը կոտրե՞լ, Գեւորգ Պետրոսյանն ասաց.
«Ոչ, նման բան չի եղել, դա հերյուրանք է»,- նշեց նա եւ դուրս հրավիրելու հետ կապված ասաց.
«Ես դուրս եմ հրավիրել ուշանալու համար»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: