Սեֆիլյանի դեմ տրված ցուցմունքները հակասական են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 16-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով: Հայրապետյանը անդրադարձավ գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքներին (Հովհաննես Պետրոսյանը Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել):
Հայրապետյանը նշեց, որ Պետրոսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները էապես տարբերվում են:
Հովհաննես Պետրոսյանը հայտնել է, որ հեռուստաաշտարակի գրավումը իրեն էր վստահված, սակայն ինքը հետագայում հասկացել է, որ Սեֆիլյանը պատրաստ է հայերի արյունը հեղել:
«Դեկտեմբերի 1-ին նախատեսված էր հեռուստաաշտարակի գրավումը, սակայն հետո չեղարկվեց: Պետրոսյանը հայտնել է, որ Հրայրն է իրեն ասել, որ զորամասը զննեն, հետագայում գրավելու համար: Հետո Պետրոսյանն ասում է, որ Սեֆիլյանն է իրեն հուշել զորամաս գրավելու միտքը:Մի ցուցմունքում Պետրոսյանն ասում է զորամասի տարածքը գծագրել է և տվել Ժիրայր Սեֆիլյանին, մեկ այլ ցուցմունքում նշում է, որ գծագրերը տվել է Սմբատ Գալոյանին»,-նշեց Հայրապետյանը:
Հայրապետյանը նշում է, որ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքները Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում չի կարելի դնել:
Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: