Յուրի Վարդանյանի որդին թմրամիջոցը կուլ է տվել
Փետրվարի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սկսվելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով:
Ինչպես տեղեկացավ Henaran.am-ը Դատական տեղեկատվական համակարգից /Datalex/, Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում՝ առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով “հաշիշ” տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին, ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Ամբաստանյալը 30 տարեկան է, նախկինում դատված չի եղել: