18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խորենացու ողբը չկապել Ֆեյսբուքով մեկ. Առավոտ

«Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»: Սա մեջբերում էր մեր թերթի վարքականոնից, որը ընդունվել է ավելի քան 10 տարի առաջ՝ այն դարաշրջանում, երբ մարդիկ ֆեյսբուքում իրար դեմ «կյանքի եւ մահու» կռիվ դեռեւս չէին մղում, իսկ լրագրողի ու համացանցի օգտատիրոջ միջեւ գոյություն ուներ որոշակի սահման: 10 կամ 20 տարի առաջ նույնպես հաճախ էր պատահում, երբ մարդիկ փորձում էին ինքնահաստատվել՝ գործընկերներին «ցեխը կոխելով»:

Բայց հիմա, երբ եկան ֆեյսբուքյան դաժան ժամանակները, դա տեղի է ունենում գրեթե ամեն րոպե: Ինչու եմ ես կարեւոր համարում վարքականոնի այս կետը: Նախեւառաջ այն պատճառով, որ, իմ կարծիքով, ոչ ոք այս դաշտում իդեալական չէ, եւ հետեւաբար ոչ մեկս չի կարող մյուսի դատավորը դառնալ:

Բնականաբար, ամեն մեկս իր կարծիքն ունի կյանքի բոլոր երեւույթների վերաբերյալ, եւ բանավիճել դրա շուրջ կարելի է (թեեւ ես դրա մեջ առանձնապես իմաստ չեմ տեսնում՝ բանավեճից հետո էլ մարդիկ մնում են իրենց տեսակետին): Բայց առավել անիմաստ է եւ զավեշտալի բանավեճը տանել հետեւյալ ուղղություններով՝ «ես անկախ եմ, դու անկախ չես», «ես անկաշառ եմ, դու ծախված ես», «ես պատվեր չեմ կատարում, դու կատարում ես», «ես գրագետ եմ, դու՝ անգրագետ», «ես բարոյական եմ, դու՝ անբարոյական», «ես հետեւում եմ էթիկայի նորմերին, դու չես հետեւում»:

Ես զավեշտալի եմ համարում, երբ մարդիկ այնքան բարձր կարծիքի են իրենց առաքինության եւ այլ բարեմասնությունների մասին, որ իրավունք են վերապահում հանդես գալու դատավորի դիրքերից: Ֆեյսբուքում, մասնավորապես, օգտատերերի 90 տոկոսն է դատավոր ու երբեմն նույնիսկ՝ դահիճ: Գուցե մայր Թերեզան կամ Ալբերտ Շվեյցերը իրավունք ունեին դատավորի դիրքերից հանդես գալու, բայց հենց իրենք են, որ նման բան չեն արել՝ ավելի հրատապ համարելով օգնության կարոտ մարդկանց ձեռք մեկնել, քան դատավճիռներ կարդալ:

Մի խոսքով՝ առաջարկում եմ գործընկերներիս նկատել լավ հոդվածները, հաղորդումները, ռեպորտաժները, հրապարակավ գնահատել, ողջունել դրանք: Իսկ եթե թերություններ ենք տեսնում, Խորենացու ողբը չկապել Ֆեյսբուքով մեկ, այլ (հատկապես եթե խոսքը երիտասարդ եւ անփորձ գործընկերների մասին է) դիտողությունները հայտնել նրանց անձնապես՝ PM-ով: …Իսկ ընդհանրապես՝ որքան մեծանում եմ, այնքան ինձ ավելի շատ հետաքրքրում են իմ սեփական, ոչ թե ուրիշների թերացումները:   

 Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ