26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահը ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ: 

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից մի քանի շաբաթ անց կրկին հանդիպելու պարոն Կոսաչովի հետ և Երևանում քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Նախագահ Սարգսյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար: 

Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների անընդհատ և հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Հանրապետության Նախագահը հավելել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական և փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում: Այս համատեքստում Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար: 

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Նախագահ Սարգսյանը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին և համոզվածություն հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների երևանյան համատեղ նիստերն անցել են բարեկամության, կառուցողական մթնոլորտում, և ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա: 

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար և համակարծիք լինելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ Նախագահի տեսակետին, նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության և խորհրդարանականների ցանկությունը ևս նույնն է՝ պահպանելու և զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց և բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ և ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին: 

Կոնստանտին Կոսաչովը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է կառուցողական մթնոլորտում խորհրդարանականների անցկացրած երևանյան համատեղ նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ միտված երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության և հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ խորհրդարանական մակարդակով հայ գործընկերների հետ փորձում են լիարժեքորեն իրացնել այն գործընկերային ու բարեկամական մեծ ներուժը, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ներդնում են երկկողմ հարաբերություններում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ