«Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ»
«Դա բարդ հարց է: Երբ նայում ենք սիմպտոմներին, ոչ նրան, թե ինչ են խոսում ՀՀԿ-ականները՝ արտահայտելով իրենց ցանկությունները, այլ օրենսդրական փոփոխություններին, որոնք իրականացվում են, կարծես թե, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում, մի բացառությամբ, որ վարչապետը, այնուամենայնիվ, փոփոխական պաշտոն է՝ ի տարբերություն նախագահի: Ոչ ոք այս պահին 100 տոկոս վստահությամբ չի կարող ասել, որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև ես 100 տոկոսով վստահ չեմ, որ արտաքին գործոններն արդեն նեյտրալ են Հայաստանի նկատմամբ:
Մեկ օրվա ընթացքում Թրամփը փոխում է իր պետքարտուղարին, դա ենթադրում է ինչ-որ հարցեր, ՌԴ-ում ամսի 18-ին կիրականացվեն ընտրություններ, որից հետո իրենց գլուխը կազատվի, գուցե նրանք այլ մոտեցումներ կունենան:
Մենք ոչ մի բան 100 տոկոսով չենք կարող ասել: Բացի այդ, կա Սերժ Սարգսյանի անձնական գործոնը: Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իր որոշումներում անակնկալներ են լինում, մինչև վերջին պահը նա չի խոսելու, սա էլ է հասկանալի: Հիշենք թեկուզ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը:
Ես չեմ կարծում, որ 100 տոկոսով ամեն ինչ որոշված է: Իհարկե, այն ինչ կատարվում է, ցույց է տալիս, որ գերկենտրոնացում է գնում վարչապետի ձեռքում, և բնական է, որ մարդիկ Հայաստանում չեն հավատում, որ այս ամենը կարող է նախապատրաստվել մեկ այլ պաշտոնյայի համար»: