՛՛Իբրեւ մարտմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը՛՛
«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի նոյեմբերին Կիեւի Եվրամայդանի ձեւավորումից ի վեր հետեւում է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք Ուկրաինայի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու արդյունք են, եւ հայտարարել է Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության մասին:
Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների եւ հասարակության միջեւ դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետեւանքով եղան զոհեր: «Ժառանգությունը» ցավակցում է զոհերի, նրանց թվում՝ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի հարազատներին, մտերիմներին ու զինակիցներին: Իբրեւ մարտմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը, հասարակության բողոքի ձայնը կոպտորեն լռեցնելու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու՝ կառավարությունների գործելաոճը:
Ուկրաինայում հանգուցալուծում չգտնող քաղաքական ճգնաժամը, Եվրամայդանի ակտիվիստների առեւանգումներն ու խոշտանգումները, մինչեւ այժմ կայացած իշխանություն-ընդդիմություն բանակցությունների փոքր արդյունավետությունը հետագա արյունահեղության տագնապ են ստեղծում: «Ժառանգությունը» հորդորում է միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, իրենց մանդատի շրջանակում անհապաղ ձեռնարկել քննարկումներ ու քայլեր` Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու եւ ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար:
Եվս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի ժողովրդին, մեր ընդդիմադիր գործընկերներին` հանուն ազատության, իրավունքի եւ Ուկրաինայի նրանց մղած պայքարում: