Եվ շատ ավելի վատթար է ցավը, քան անարգանքն ու անպատվությունը. այսօր Պարույր Սեւակը կդառնար 90 տարեկան /վիդեո/
Այսօր հայ հանրահայտ ու սիրելի բանաստեղծ Պարույր Սեւակի ծննդյան օրն է: Պանաստեղծն այսօր կդառնար 90 տարեկան
Պարույր Սեւակը` Պարույր Ռաֆայելի Ղազարյան, ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ “Սովետական գրականություն” ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սեւակ ստորագրությամբ։
1955 թվականին Սեւակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, 1970-ին ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։
Պարույր Սեւակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից, թաղված է հայրենի գյուղում։