Միջազգային կինոփառատոնին ներկայացված հայ ուսանողների ֆիլմերը ֆավորիտների եռյակում են
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է “New Wave” /Նոր ալիք/ միջազգային ուսանողական կինոփառատոնը, տեղեկացնում է ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերն անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:
Ուսանողական չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ: Մրցութային փուլում են նաև թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից և Վրաստանից:
Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում են հետևյալ ֆիլմերը.
Արեն Մալաքյան. «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս
Լուսինե Պապոյան. «Պատահական հանդիպում», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս
Նահապետ Սարգսյան. «Тоска», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս
Անդրանիկ Հարությունյան. «Հեքիաթ», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս
Տեղեկացնենք նաև, որ փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ: