17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Ժառանգությունից՛՛ ու ՀԱԿ-ից հույս չկա

”Իշխանությունն ու դրամը պետք է մեկտեղված լինեն և ներդաշնակ գործեն՝ սա օրինաչափություն է: Ընչազուրկ իշխանությունը ձգտում է բռնությամբ և անօրինությամբ տիրանալ դրամին, իսկ իշխանազուրկ դրամը ձգտում է ամեն գնով իշխանությանը մասնակից լինել: Ընչազուրկ իշխանությունը նյութական միջոցների արմատական վերաբաշխման նախաձեռնողն է դառնում:

Բանականությամբ և հիշողությամբ քիչ թե շատ օժտված մարդիկ լավ գիտեն, թե ով՝ ով է մեր քաղաքական դաշտում և ինչպես է իրեն դրսևորել կոնկրետ իրավիճակում: Վերջին մեկուկես-երկու տարիներին իշխանության հետ քաղաքական ու տնտեսական առումով սերտաճած ԲՀԿ-ն և Դաշնակցությունը պաշտոնապես անջատվեցին իշխանությունից, ու իրենց հռչակեցին այլընտրանք և ընդդիմություն:

Այսինքն, ՀՀ ԱԺ-ում ստեղծվեց մի նոր բևեռ, որն իշխանական մեծամասնության կողմից ճանաչվեց որպես ընդդիմություն: Մյուս կողմից, խորհրդարան մտան նաև ՀԱԿ-ն ու ”Ժառանգությունը”, որոնցից առաջինը Ազատության հրապարակի ընդդիմադիր բևեռն էր ներկայացնում, իսկ երկրորդը հավակնում էր լինելու դրա այլընտրանքը: Սա կարելի է համարել խորհրդարանական ընդդիմադիր բևեռի ինստիտուցիոնալ ձևավորման գործընթաց, որը դեռ ավարտված չէ:

Այս գործընթացն ավարտին կհասնի այն ժամանակ, երբ խորհրդարանում փողոցի ընդդիմադիր զանգվածը ներկայացնող քաղաքական ուժը` ՀԱԿ-ը, կտարրալուծվի իշխանական ճամբարից առանձնացած և ընդդիմություն-այլընտրանք ներկայացող հատվածի մեջ:

Այս արարի առաջին մասն ավարտվել է՝ հրապարակի բևեռը, փաստացիորեն ճանաչելով համապետական ընտրությունների արդյունքները, մտել է խորհրդարան, կտրվել փողոցի զանգվածից ու, իշխանության ձեռնարկած քայլերի շնորհիվ, դարձել է փոքրամասնություն` խորհրդարանական նորաթուխ ընդդիմության մեջ:

Այժմ անհրաժեշտ է երկրորդ արարը. իշխանության կողմից գոյավորված այդ նորաթուխ ընդդիմությունը փողոցի զանգվածի համար յուրային դառնալու խնդիր ունի: Խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի բողոքի համատեղ գործողությունն այդ հնարավորությունն ընձեռում է նրանց:

Իշխանություններին հաջողվեց չեզոքացնել մի քանի տարի գոյատևած ընդդիմադիր ապստամբական բևեռը և սեփական ռեսուրսների հաշվին ձևավորել որակներով ու ֆինանսատնտեսական պոտենցիալով իրեն համարժեք ”նոր” ընդդիմություն: Այս կերպ քաղաքական մրցակցությունն իշխանություն-ապստամբական ընդդիմություն հարթությունից իրականում տեղափոխվեց ”նոր” ընդդիմություն-խորհրդարանական ընտելացված փողոցային ընդդիմություն հարթության վրա:

Այս պայմաններում, ինձ թվում է, պայքարի ելքը կանխորոշված է: Ես չեմ տեսնում ”Ժառանգության” հետագա գոյության հեռանկարը և չեմ տեսնում, թե ինչպես պետք է ՀԱԿ-ը վերականգնի իր երբեմնի դիրքերը:

Կարծում եմ՝ շատ չանցած առաջինը կլուծարվի կամ կմիանա ”նոր” ընդդիմությունը կազմող կուսակցություններից մեկին, իսկ երկրորդը կմնա լուսանցքում այնքան ժամանակ, քանի դեռ չի տվել քաղաքական գործիչների նոր` գործունակ սերունդ: 

Ապստամբական ընդդիմության քաղաքական առաջնորդներն իրենց գործողություններով նպաստեցին նրան, որ շարքային քաղաքացիներն անհույս համարեն իշխանության դեմ պայքարի բոլոր, այդ թվում, ուժային մեթոդները:

Մարդիկ գերադասում են փախչել Հայաստանից, ամեն գնով հեռանալ երկրից, որտեղ մի քանիսի շքեղ կյանքը բոլոր մնացյալների սովի, թշվառության, իրավազրկության, սեփական հայրենիքից օտարված լինելու դառը իրականության գարշելի, նողկանք առաջացնող հակապատկերն է:

Այդուհանդերձ, սոցիալական բունտը նաև ելք չպարունակող երևույթ է` այն կարող է հեշտությամբ կործանել ամեն բան, սակայն ունակ չէ իրավիճակը փոխելու դեպի լավը: 
Հայաստանի քաղաքական համակարգն իր զարգացման նոր փուլն է թևակոխում և, հակառակ այսօրվա տխուր իրողություններին, այդ փուլը նոր պահանջներ է ներկայացնելու քաղաքական ուժերին:

Նրանք ևս ստիպված են լինելու վերագտնել իրենց գործունեության արդյունավետությունն ապահովող բարոյական ու մասնագիտական առանցքը, ներդաշնակեցնել քաղաքականությունը խղճի թելադրանքի հետ:

Այս հիմքի վրա չեմ բացառում իմ համագործակցության հեռանկարը քաղաքական ուժերից որևէ մեկի հետ, բայց նաև համոզված չեմ, որ այդ պահն արդեն հասունացել է: Պետության մեջ մարդն անգամ սակավաթիվ ակտիվ կողմնակիցների հետ ուս-ուսի տված կարող է դիմադրություն ցույց տալ ցանկացած անարդարության ու իրավունքի խախտումների, սակայն իսկապես ազատ, ծաղկող ու հպարտ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ընդհանուր արժեքների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության լայն, համընդգրկուն շրջանակ:

Մենք դեռ պահպանում ենք ավելի լավ պետություն ունենալու հնարավորությունը”,-Facebook-յան իր էջում գրել է ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ