Ստվերի դեմ պայքարը
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական տարեսկզբյան խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը, անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին և առաջնահերթ միջոցառումներին:
«Բժշկական ծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը, առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները լինելու են այն հիմքը, գրավականը, որով առաջնորդվելու ենք 2014 թվականին»,- նշեց Դերենիկ Դումանյանը:
Ոլորտ առ ոլորտ ամփոփելով նախորդ տարվա գործունեությունը` նախարարն ընդգծեց կատարված աշխատանքների արդյունավետությունը և ձեռքբերածը պահպանելու կարևորությունը:
Առողջապահական համակարգի արդիականացման և բարեփոխման ծրագրերի շրջանակներում նախարարն առանձնացրեց տարածքների համաչափ զարգացումը` մարզային բժշկական հաստատությունների կառուցման, վերանորոգման, վերազինման, կադրային հագեցվածության տեսանկյունից, ինչպես նաև կարևորեց 2013-ին մարզեր ուղղված ֆինանսական միջոցների աճը:
«Առանձնահատուկ ուզում եմ նշել ստվերային դաշտի կրճատմանը, տարածքների համաչափ զարգացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները: 2013 թվականի կարևոր ձեռքբերում եմ համարում նորածնային, ինչպես նաև մայրական մահացության ցուցանիշի կրճատումը»,- ասաց նախարարը:
Դերենիկ Դումանյանը հատկապես առաջնահերթ համարեց առողջ ապրելակերպի շրջանակներում ծխախոտի դեմ պայքարը հնարավոր բոլոր միջոցներով` կոչ անելով յուրաքանչյուրին օրինակ ծառայել այդ կարևոր գործում:
Նախարարն առաջարկեց մարզերում ևս ներկայացնել 2013 թվականին կատարված աշխատանքները և ընթացիկ տարվա առաջիկա անելիքները զանգվածային լրատվության միջոցներին: