Մարտի 8. կրկնակի տոն՝ կին վարորդների համար
Մայրաքաղաքում շարունակվում է տոնական ջերմ մթնոլորտը, որի մասնակիցն են դարձել նաև կին վարորդները: Երևանի քաղաքապետարանի և «STR ավտոսիրողների ակումբ»-ի նախաձեռնությամբ Ստեփան Շահումյանի անվան հրապարակի տարածքում մեկնարկել է ավտոռալիի մրցաշար:
Մինչ ավտոռալիի մեկնարկն ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Օրվա խորհրդով գործընկեր տղամարդկանցից շնորհավորանքներ ու ծաղիկներ ստանալուց հետո` կանայք ապացուցել են, որ էքստրեմալ պայմաններում մեքենաներ վարելու տեսակետից չեն զիջում տղամարդկանց: Արշավի ընթացքում կայացել է ձևավոր վարման միաժամանակյա մրցույթ՝ 2-ական մեքենաների միջև: Ներկայացվել են նաև միջոցառմանը բնորոշ վարման մի շարք հնարքներ: Մարզաերաժշտական շոուն ադրենալինի մեծ չափաբաժին է ապահովել մասնակիցներին ու այս ամենին հետևող մարզասերներին: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է ուրախ ռիթմերով, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության ապահովման նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել: