Հույսը կապում է կառավարության խոհեմության հետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խոսեց Զվարթնոց օդանավակայանի հին շենքի քանդման հայտարարության մասին.
«Զարմանքով տեղեկաց կառավարության կողմից քանդման որոշման մասին, իրականում այդպիսի որոշում չկա, կա որոշում, որ հարցը քննարկվի հանրային խորհրդում և նոր միայն որոշում կայացվի: Ես հակառակ որոշմանը շատ կասկածում եմ, քանի որ կառավարությունը շատ լավ է վերաբերվում քննարկումներին»,-նշեց Մկրտիչ Մինասյանը:
Նա նկատեց, որ ճարտարապետները հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի պետք է մրցույթ հայտարարվի, թե ինչպես կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքը:
«Ենթադրությունը այլ բան է, նախ և առաջ պետք է իմանալ, առանց քանդելու ինչպես կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքը, քանի որ այն բարձր արժեք ունի և սովետական ժամանակաշրջանի մոդեռնիստական տիպի յուրօրինակ շինություն է համարվում»:
Ճարտարապետի դիտարկմամբ, եթե այսպես շարունակվի մենք կարող ենք մի օր քանդել մեր ունեցվածքը և կստացվի, որ վաթսունականներից էս կողմ մենք ոչ մի պատմական հետաքրքիր շինություն չենք ստեղծել:
Այս պարագայում նա մատնաշում է աշխարհի փորձը, որտեղ հին շինությունների վրա պարզապես դողում են և պահպանում են անգամ ամենափոքր մշակութային արժեքները:
«Անընդհատ քանդելով մենք ոչ մի տեղ չենք հասնի, մենք կորցնում ենք մեր լավագույն շենքերը առանց ափսոսանքի,-փաստեց ճարտարապետը:
Մինասյանը հույսը կապում է կառավարության խոհեմության հետ : Նա գնահատում է Էռնեկյանի ներկայացրած նոր օդանավակայանի նախագիծը, բայց կարծում է, որ տարածքում հնարավոր է տեղ տալ նաև հին օդանավակայանի շենքին:
Ինչ վերաբերվում է` քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հայտարարությանը շենքի քանդման մասով ապա. «Շատ հնարավոր է որ նա նման ցանկություն ունենա, բայց այս հարցում պետք է կառավարության, կոնկրետ վարչապետի որոշումը լինի»: