Թանկանոց մեքենաների ֆոնին տկլոր աղջիկներն իրենց հետույքներն են շարժում. Հրապարակ
Վերջերս հեռուստատեսությամբ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն ինչ-որ նախագծերի մասին էր խոսում, համաձայն որի՝ Երեւանի բոլոր հրապարակները պիտի վերաձեւեն: Օրինակ՝ խոսում էր օպերային կից Ֆրանսիայի հրապարակի մասին, բացատրում, որ այն պիտի դադարի խաչմերուկի ֆունկցիա կատարելուց, որ այդ խաչմերուկն ամբողջովին պիտի իջնի գետնի տակ, իսկ հրապարակը միանա այդ տարածքի մյուս այգիներին: Այստեղ են ասել՝ լրիվ պարերը պարեցին, մնացել էր «Չրթ-Մարալոն»…
Ախր, այ անմեղսունակներ, եթե այդքան ֆինանսներ ունեք, ուրեմն ոչ թե Երեւանի նորմալ վիճակում գտնվող գոտիներն ու կառույցները քանդեք ու վերաձեւեք ձեր գավառական ճաշակով կամ, ավելի ճիշտ՝ անճաշակությանը համապատասխան, այլ այդ ֆինանսներն ուղղեք Երեւանի գոնե կենտրոնում գտնվող (ծայրամասերի մասին չեմ էլ խոսում) անհամար կիսակառույց ավերակները կառուցելուն եւ ավարտելուն: Ախր, չի կարելի մի գեղեցիկ կառույց ստեղծել եւ ուրախանալ դրանով, երբ այդ կառույցը շրջապատված է փնթի ավերակներով. նախ Կասկադի վերեւի մասն ավարտին հասցրեք, Սասունցի Դավթի արձանի մոտի կիսակառույցն ավարտեք, դրա հարեւանությամբ գտնվող երկաթգծի կայարանի շենքի գլխին ցցած ստալինյան էմպիրի ծաղրանկար շպիլը հանեք ռադ արեք վերջապես, նախկին Երիտասարդական պալատի տեղում գոյացած անհասկանալի տարածքը կառուցապատեք, Գլենդել Հիլզի կիսակառույց բազմաբնակարան շենքերն ավարտին հացրեք: Որ մեկն ասեմ:
Կամ գոնե կենտրոնական փողոցների եզրերով անցնող խրձերով կախված լարերն ու կաբելներն իջեցրեք գետնի տակ, որ շենքերի տուֆակերտ գեղեցիկ ֆասադները բացվեն: ԹԵ չէ ձեր ուշքն ու միտքը միայն մի ուղղությամբ է աշխատում՝ ինչը քանդեք, որ վճարովի ավտոկայանատեղի կառուցեք, կամ ինչը քանդեք, որ տեղում մի 17-20 հարկանի շենք կառուցենք:
Ախր, այդպիսի շենքերով միգուցե 20-րդ դարի սկգբների մարդկանց զարմացնեիք, հիմա նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրների քաղաքներում էլ լիքն են այդպիսի շենքերը, դուք հինը պահպանեք, որովհետեւ ցանկացած քաղաքի այցեքարտը ռեստավրացիայի (ոչ վերաձեւումների) Ենթարկված հին շենքերն են ու մեկ էլ ուլտրաժամանակակից հսկա կառույցները, որոնց մասին պիտի մոռանանք, քանի որ ՀՀ 20 տարվա բյուջեն անգամ չի բավականացնի մի այդպիսի կառույց ստեղծելու համար:
Ինչ ասեմ, ցավալի է, բայց հայ ազգը, որն ընդամենը 100 տարի առաջ Եվրոպական ազգ էր, այսօր վերածվել է ասիական հոտած ու հետամնաց ինչ-որ հավաքականության, նայում ես մեր ջահելների նկարահանած երաժշտական տեսահոլովակներին՝ ուղղակի լացդ գալիս է, թանկանոց ինչ-որ մեքենաների ֆոնին (չտեսության ու գեղցի նյութապաշտության ցուցանիշ) տկլոր աղջիկներն իրենց հետույքներն են շարժում (նույնպես չտեսության ցուցանիշ) ջազային անհասկանալի իմպրովիզներով արաբաթուրքաքրդաչգիտեմինչական (ռեպով համեմված) ոռնոցների տակ, որոնք արտաբերում են, բնականաբար, սեւազգեստ ակնոցավոր (հաճախ արդեն մոջահեդների մորուքներով) ինչ-որ տղաներ կամ էլ դեմքերը չինական ավանդական թատրոններում հանդես եկող դերասանների ներկած դեմքերը հիշեցնող ինչ-որ աղջիկներ, որոնք, չգիտես ինչու, կարծում են, թե իրենք շատ մոդայիկ են ու ժամանակակից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: