25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեսպանն ասում է, որ 3 տարիների ընթացքում Հայաստանում ավելացել են ամերիկյան ներդրումները. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի ու տարօրինակ է, որ որոշ լրատվամիջոցներ աղավաղում են ու կիսատ են ներկայացնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ կոռուպցիայի վերաբերյալ: «Եթե չկարդաս հարցազրույցն ու կարդաս մեկնաբանությունները, տպավորություն կլինի, թե դեսպանը ոչնչացրել է և մեղադրական եզրակացության է ենթարկել ՀՀ իշխանությանը: Սակայն երբ կարդում ես, տեսնում ես, որ այո, կա առողջ քննադատություն, որը մենք ընդունում ենք որպես  գործընկերոջ երկրի սրտացավ դեսպանի առողջ քննադատություն»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ դեսպանի հայտարարության մեջ կա միևնույն ժամանակ շատ ավելի դրական գնահատական հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, իշխանությունների քաղաքական կամքի, բարեփոխումների դրական ընթացքի վերաբերյալ:

Շարմազանովը ներդրումների վերաբերյալ դեսպանի հայտարարության մեջ նկատել է, որ ասվում է, որ իրականացվում են խոշոր 3 ներդրումային ծրագրեր, որոնցից 2-ը՝ վերջին 2 տարվա ընթացքում: Սա, ըստ ՀՀԿ պատգամավորի, նշանակում է, որ ներդրումներ ավելացել են Միացյալ նահանգների, և ներդրումային միջավայրն էլ դրական է դարձել:

«Դեսպանն ի՞նչ է ասում, ասում է՝ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, ասում է, որ երեք տարիների ընթացքում Հայաստանում ավելացել են ամերիկյան ներդրումները, միայն անցյալ տարվա ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև 35 տոկոսով ավելացել է, երկրորդ՝ խոսելով ներդրումների մասին՝ դեսպանն ասում է, որ վերջին տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում իրականացրել է երեք խոշոր ներդրումային ծրագիր, որոնցից երկուսը իրականացվել է երեք տարիների ընթացքում, դեսպանն իր խոսքում հենց նշում է, որ ներդրումային միջավայրը լավացել է ու առնվազն խոսել նրա մասին, որ դեսպանը ասում է, թե ներդրումները կտրուկ նվազել են, սա ոչ այլ ինչ է, քան իրականությունից կտրված գնահատական», – նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա դիտարկմամբ՝ դեսպանի հարցազրույցում երրորդ կետն այն է, թե դեսպանը, խոսելով կառավարության մասին, ասել է, որ կառավարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին։

«Դա դրական երևույթ է, այսինքն՝ որտե՞ղ տեսան, որ ասում են, թե դեսպանը կոռուպցիան քննարկում է ու ասում է, որ դրա դեմ պայքարում ոչինչ չի արվում։ Հաջորդը՝ ասում է, որ ՀՀ իշխանությունները գիտակցում են անկախ դատական համակարգ ունենալու կարևորությունը, սա շատ կարևոր է և, այո՛, մենք գիտակցում ենք, և դա է պատճառը, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրական բազա ենք ապահովում անկախ դատական մարմինների ստեղծման համար ու դրանով էր պայմանավորված նաև Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը, ու մեր նպատակն է, որպեսզի ամբողջությամբ տարանջատենք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները», – ասաց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանն ունի ազատ մամուլ։

«Բա սրա մասին ինչո՞ւ չեն խոսում լրագրողները, ոչ ժողովրդավարական երկրում կարո՞ղ է ազատ մամուլ լինել, արդեն այն, որ դեսպանը խոսում է, թե Հայաստանում կա ազատ մամուլ, սա խոսում է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանում են», – ասաց Ազգային ժողովի փոխնախագահը։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ խոսելով կոռուպցիոն երևույթների մասին՝ դեսպանը նշում է, որ պետական առօրյա մարմինների ծառայության մասով կոռուպցիան գրեթե նվազել է։

«Այսինքն՝ նա շեշտում է, որ այս տարիների ընթացքում հասարակությանը ամենօրյա ծառայություն մատուցող պետական ծառայությունների ոլորտում կոռուպցիա գրեթե չկա», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ դեսպանի խոսքը հավասարակշռված, նորմալ խոսք էր, որտեղ կար առողջ քննադատություն ու ձեռքբերումներ։

«Իսկ ձեռքբերումների մասին, միգուցե, ավելի շատ է խոսել, իսկ որոշ մարդիկ չեն ցանկանում խոսել այդ ձեռքբերումների մասին կամ, երևի, դուրները չի եկել, որ ԱՄՆ դեսպանը նշել է, որ ներդրումները ՀՀ-ում ավելանում է, առևտրաշրջանառությունը ավելանում է, Հայաստանում կա ազատ մամուլ, ՀՀ իշխանությունն ունի կամք՝ դատական անկախ իշխանություն ունենալու, ՀՀ իշխանությունը արել է քայլեր, որի ընթացքում կոռուպցիան գրեթե ոչնչացվել է», – ասաց Էդուարդ Շարմազմանովը՝ շեշտելով՝ խնդիրները կան ու իշխանությունը պատրաստ է աստիճանաբար վերացնել դրանք։

«Դեսպանի հարցազրույցն էլ փաստացի ապացուցում էր, որ բոլոր ոլորտներում աստիճանաբար ՀՀ իշխանությունը գնում է խնդիրների նվազեցման ճանապարհով», – հավելեց ԱԺ փոխնախագահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ