Որդին փորձել է խեղդել մորը /վիդեո/
Henaran.am-ի խմբագրությանը որերորդ անգամ դիմում է որդու ամարդկային վերաբերմունքի զոհ դարձած մայրը` Գոհար Մանուչարյանը: Նախկինում նա խնդրում էր չհրապարակել իր անունը, հետևաբար մենք հաշվի առնելով կնոջ ցանկությունը` պայմանական տառերով էինք ներկայացնում նրան:
“Այսօր հերթական անգամ ծեծեց ինձ, երեկոյան դիվիդիով բարձր երաժշտություն էր լսում` ներքևի հարևանը եկավ բողոքեց: Ասեցի` տղա ջան ես` հեչ, բայց հարևաններին մի խանգարի: Հարձակվեց վրաս` հանեց դիվիդիի լարերը, ուզում էր դրանցով ինձ խեղդի: Զանգեցի ոստիկանություն, մինչև իրենք կգային տանից փախավ…” ,-պատմեց Գոհար Մանուչարյանը:
Միակ որդին` Նվեր Բալասյանը մոր համար իսկական “նվեր” է դարձել: Արդեն չորս տարի անընդմեջ որդու կողմից բռնության է ենթարկվում:
Գոհար Մանուչարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպանը զարմանք է ապրել նրա վիճակը տեսնելով:
Տիկին Գոհարը խճճվում է սեփական ողբերգության պատմությունների ժամանակագրության մեջ … որդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Մայրը պնդում է, որ ոստիկանության որոշ պաշտոնյաներ հովանավորում են որդուն:
Հ.Գ Henaran.am-ի խմբագրությունը դիմում է բոլոր պատկան մարմիններին` ուշադրություն հրավիրելով անօգնական մոր վրա: Մենք հետևողական ենք լինելու եւ գործի հետ կապված յուրաքանչյուր արձագանքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կհրապարակվի:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում