Համակարգչային լսարան զորամասում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ զորամասերը համակարգչային լսարաններով զինելու ծրագիրը հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ ՙԱյսօր դժվար է պատկերացնել որևէ գործընթաց, առավել ևս որակյալ կրթություն առանց նյութատեխնիկական հագեցվածության։ Նորաստեղծ այս լսարանը կօգնի զինծառայողներին ավելի արդյունավետ դարձնել ուսումնական պրոցեսը։ Այսօր մեր զինվորների թվում շատ են և՜ բարձրագույն կրթություն ունեցողները, և՜ այնպիսի երիտասարդներ, ովքեր մտադիր են շարունակել կրթությունը։ Նման լսարաններով մենք հնարավորություն կտանք նրանց չկտրվել ուսումնական գործընթացից և այն դարձնել շարունակական՚,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ լսարանն առաջիկայում կհամալրվի նաև մասնագիտական գրականությամբ։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ՀԵՀ-ի կողմից զորամասերը համակարգիչներով համալրելու ծրագիրը շարունակական է. նման լսարաններ կբացվեն բոլոր զորամասերում։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը սերտորեն համագործակցում են երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ։ Նախարարը կարևորեց հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը։ ՙՆման լսարանները հնարավորություն են տալիս կատարելագործել զինվորների գիտելիքները։ Օգտվելով համակարգիչներից՝ նշանակում է ներգործել առաջատար համակարգեր, ավելի շատ տեղեկություններ ունենալ և այդ ամենն օգտագործել զինված ուժերի համար՚,- նշեց պաշտպանության նախարարը։
Զորամասի զինծառայող Արմեն Արզումանյանը Սպիտակից է, ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը։ Համակարգչային տեխնիկային տիրապետում է։ Արմենը նշում է, որ համակարգչային նորագույն տեխնիկան կօգնի իրենց ավելի հեշտությամբ յուրացնել դասընթացները, հետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից՝ կատարելագործելով համակարգչային հմտությունները։