Մայակովսկու դպրոցում ջեռուցումն անջատել են. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ դեռեւս դեկտեմբերի 26-ին թերթը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջացել:
“Դպրոցի տնօրինությունը “գրաֆիկով” էր միացրել եւ անջատել ջեռուցումը, այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետարանը դպրոց առ դպրոց մտել ու զգուշացրել էր չխնայել ջեռուցման վրա, քանի որ դրա ծախսերն ամբողջությամբ հոգալու է քաղաքապետարանը: Թերթը գրել էր, որ առջևում ձմեռային արձակուրդներն են և դպրոցում սովորող ցածր դասարանի աշակերտների ծնողները պատրաստվում են ուսումնական տարին սկսելուն պես զբաղվել այս խնդրով”,- գրում է թերթը եւ հավելում, որ երեկ իրենց տեղեկացրել են, որ դպրոցի տնօրինությունը շարունակում է անհասկանալի խնայողությունները, և դպրոցում բավականին ցուրտ է, անգամ կան դասասենյակներ, որտեղ աշակերտները չեն հանում վերարկուները:
“Ի դեպ` թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը շարունակում է իր ստուգումները դպրոցներում: Վարչության աշխատակիցները, առանց զգուշացնելու, մտնում են դպրոցներ և ստուգում, թե ջեռուցման կաթսաները ջերմային ինչ ռեժիմի վրա են դրված: Դպրոցի հնոցապանների ժողով է անցկացվել, և նրանց հրահանգ է տրված չենթարկվել դպրոցի տնօրենների հորդորներին, և չիջեցնել ջեռուցման կաթսաների ջերմաստիճանը:
Ավելին` թերթի տեղեկություններով` մի քանի տնօրենների արդեն նկատողություն է տրված, իսկ երկու հնոցապան ազատվել է աշխատանքից տնօրենի հրահանգով աշխատելու համար”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: