Դաժան հաշվեհարդար է տեսել տրանսգենդերի հետ, որի հետ պիտի մերձենար գումարի դիմաց. Հայկական Ժամանակ
Նախօրին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին ասաց «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պւստճառելը, պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով):
Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը 04:50- ին 26-ամյա մի երիտասարդ դաժան ծեծի էր ենթարկել տրանսգենդեր կնոջը, ապա այրել նրա բնակարանը: Ոստիկանությունը երիտասարդին բերման էր ենթարկել, սակայն ազատ արձակել:
Հայտնի դարձավ, որ 26- ամյա երիտասարդը կնոջը ծեծի է ենթարկել այն բանի համար, որ վերջինս խաբել է իրեն: Մասնավորապես տեղեկացանք, որ երիտասարդը տրանսգենդեր կնոջ հետ ծանոթացել է ինտերնետային կայքով, իսկ այդ օրն էլ, ըստ պայմանավորվածության (գումարի դիմաց), երիտասարդը գնացել էր կնոջ բնակարան նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն «գործն» այլ ընթացք է ստացել, երբ 26-ամյա երիտասարդը հասկացել է, որ գործ ունի ոչ թե կնոջ, այլ տղամարդու հետ, որից հետո նրան ծեծի է ենթարկել, ապա այրել բնակարանը:
Տրանսգենդեր անձը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր: ԵՊԲՀ լրատվականից հարցին ի պատասխան ասացին, որ տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Վիճակը գնահատվում է ծանր կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքը տեղի է ունեցել Մաշտոց պողոտայի 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Կինն այդ բնակարանում ապրում Էր վարձակալական հիմունքներով: Երեկ տանտերը եկել է եւ իր բնակարանը հայտնաբերել ամբողջովին այրված: Բնակարանի տերը բրոկերի միջոցով է տունը հանձնել վարձակալության: Նա երեկ այցելել է ոստիկանություն փորձելու պարզել դեպքի մանրամասները: Անմիջապես հարեւանությամբ ապրող բնակիչը ասաց, որ տրանսգենդեր կնոջը երբեւէ չի տեսել եւ չի լսել նրա մասին: Այդ օրն էլ վիճաբանության ձայներ չի լսել: Արթնացել են իրավապահների թակոցներից, երբ նրանք հորդորել են դուրս գալ տարածքից հրդեհի պատճառով:
Տեղեկացանք, որ 32-ամյա անձը մի քանի ամիս է, ինչ վարձով ապրում էր այդ բնակարանում: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը ասաց, որ երեկ այցելել է տրանսգենդեր կնոջը. նրա վիճակը շատ վատ է եղել, չի կարողացել ոչ խոսել, ոչ տեղաշարժվել: Ասաց, որ նախկինում նրան չի ճանաչել, չգիտի աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, ինչով է զբաղվում:
Դրդապատճառների մասին նույնպես ասաց, որ տեղյակ չէ: «Հայ հասարակությունը քննարկում է ոչ թե այն, թե ինչ հանցագործություն է եղել, այլ՝ որ լավ են արել, պետք է սպանեին, ոչ թե հասներ հիվանդանոց: Շատ ցավոտ է, որ հայ հասարակությունը հոմոֆոբ եւ տրանսոֆոբ»,֊ասում է նա:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: