”Տուրիստի վրա էինք աշխատում, հիմա ոչ մեկը վճարունակ չէ”
Լիդա Շահնազարյանը Վերնիսաժում առևտուր է անում` մի կերպ օրվա հացի փող վաստակում: ”35 տարի դասավանդել եմ, բայց էսօր եկել եմ, որ իմ հացի փողն աշխատեմ”,-Henaran.am-ին պատմեց նախկին մանկավարժը:
Դժգոհում է, որ ” թույլ չեն տալիս աշխատել, ոչ թե այստեղի ղեկավարությունն, այլ վերևի ղեկավարությունը թույլ չի տալիս, այսինքն` այստեղ տուրիստ չի մտնում էլ, մարդկանց այնպես են հյուրանոցներում թալանում, այնպես ա գները բարձր, որ ձեռք չի տալիս”:
”Տուրիստի վրա էինք աշխատում, հիմա դա էլ չենք կարողանում անել, ոչ մեկը վճարունակ չէ”:
Դիտարկմանը, թե միգուցե ձմեռ է, ցուրտ է, այդ պատճառով էլ վաճառք չկա, նա պատասխանեց. ”Ամռանն էլ է այդպես, լրիվ նահանջել է առևտուրը: Յոթ տարի աշխատում եմ ու մեծ տարբերություն կա, տարեցտարի նվազում է ու նվազում”:
Տիկնոջ խոսքով` մի քանի տարի առաջ կարողանում էին օրվա հացի գումար վաստակել, հիմա դա էլ չեն կարողանում անել: ”Յոլա ենք գնում, ոնց որ մյուս ժողովուրդը, դրսի օգնության միջոցով, մեզ նեղելով` սնունդը պակասեցնելով, տնտեսելով ենք յոլա գնում”: