Դատավորը չդիմացավ ճնշմանը. Սեֆիլյանի գործով դատը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես էին գալիս պաշտպանական ճառերով:
Արդեն հայտնել ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Արդեն հայտնել ենք, որ դատավորը դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառեց մոտ 20 մարդու վրա:
Սանկցիայի ենթարկված մի խումբ մարդիկ ամեն դեպքում նիստերի դահլիճ վերադարձան, դատավորը նորից սանկցիա կիրառեց: Իրավիճակը սրվում էր և դատավորը հավանաբար այդ մարդկանց նկատմամբ դահլիճում ուժ չգործադրելու համար, նիստը հետաձգեց:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: