26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայր Աթոռը Պոլսի եպիսկոպոսներին սթափության կոչ է անում

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Գերագույն հոգևոր խորհրդը ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձել է Պոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկել հայտարարությամբ, որով մտահոգությունն է արտահայտում Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող տասը տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ։

Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության շրջանում։

Նշվում է, որ 2016 թվականին Պատրիարքությունում առաջացած նոր զգայունությունները փարատելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Սուրբ Էջմիածին հրավիրված Աթոռի եպիսկոպոսաց դասը հանձնառու եղավ հանգուցալուծման առաջնորդելու առկա խնդիրները։ Արդյունքում պատրիարքական տեղապահի ընտրությունը նոր հույս ներշնչեց նոր գահակալ ընտրելու և պոլսահայության բնականոն կյանքը վերականգնելու առումով։

Գերագույն հոգևոր խորհուրդը ցավով է արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։

Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018 թ. փետրվարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափության կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ.Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի:

Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Հանդարտության հրավեր ենք ուղղում նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին` ողջախոհությամբ և զսպվածությամբ առիթ ընձեռելու Պոլսո Աթոռին հաղթահարելու ստեղծված կացությունը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ