Նոր մանրամասներ Գյումրիի փլուզումից /ֆոտո/
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր գիշեր ԱԻՆ–ում, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ):
Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:
Դեպքի վայր են այցելել Շիրակ մարզի ու Գյումրիի իրավասու մարմինները, տեղում ծանոթանալու իրավիճակին:
Նշենք, որ այս շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, ու բաց վերքի պես հետևում է քաղաքի անցուդարձին: Տարիների Ընթացքում շենքի տարբեր հատվածներ փլուզվեցին, բայց դեռ շարունակում են այս շենքում ապրել բնակիչներ:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը ասաց, «Գարեգին Նժդեհ 7 շենքում բնակվող 8 ընտանիքներից 2-ն ունեն անօթևանի կարգավիճակ, մնացած 6 ընտանիքները երկրաշարժից անօթևան չեն դարձել, չնայած այժմ բնակարանային խնդիր ունեն: Եթե խոսենք անօթևանի կարգավիճակ ունեցող երկու ընտանիքների մասին, ապա պետք է ասեմ, որ նրանց բազմիցս ընդգրկել են բնակապահովման ծրագրերում, սակայն վերջիններս հրաժարվել են ինչպես “Մուշ” թաղամասում տրամադրված բնակարաններից, այնպես էլ բնակարանների գնման վկայագրով քաղաքի այլ հատվածներում բնակարան ձեռք բերելուց»:
Շիրակի մարզպետն էլ հավելեց . «Ես գտնում եմ, որ անթույլատրելի է մարդկանց բնակվելը, նրանց կյանքի համար վտանգ է ներկայացնում, որևէ մեկը երաշխավորված չէ, որ փլուզում կրկին չի լինելու, բնակիչների կամայական որոշումները` շենքից դուրս չգալը, ուղղակի անթույլատրելի է»:
Այժմ տեղում աշխատում են մասնագետները: Տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:Բնակիչների հետ զրուցում են, առաջարկում տարբերակներ շենքից մեկընդմիշտ հեռանալու: